1000х90.jpg (78 KB)

Թավջութակահար Սևակ Ավանեսյանը դրամահավաք է սկսել արցախցի ստեղծագործողներին աջակցելու նպատակով

Armenpress 11:43, 3 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թավջութակահար Սևակ Ավանեսյանը, որի՝ Շուշիի հրթիռակոծված Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում «Կռունկ» ստեղծագործության կատարումը լայն տարածում էր գտել համացանցում, արցախցի ստեղծագործողներին աջակցելու համար դրամահավաք է (Financial Aid for Artists of Artsakh impacted & displaced by the war) նախաձեռնել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երաժիշտն իր հետևորդներին խնդրել է օգնել այդ հարցում: «Անձամբ հանդիպել եմ բազմաթիվ արցախցի էմիգրանտների, որոնք այլևս տուն չունեն, ուր կարող են վերադառնալ: Համագործակցելով ՀԲԸՄ և մի քանի հրաշալի մարդկանց հետ որոշել ենք հանդես գալ այն ստեղծագործողներին աջակցելու նախաձեռնությամբ, որոնք տուժել են պատերազմից»,-գրել է Ավանեսյանը:

Նա ընդգծել է, որ նվիրատվության գործընթացը բաց է և թափանցիկ, իսկ հանրության կողմից արված յուրաքանչյուր առաջարկ խրախուսվելու է:

Նվիրատվության մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ

Սևակ Ավանեսյանը ծնվել է 1989 թվականին Երևանում: Նա Մեդեա Աբրահամյանի սաներից է: Փոքր տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է Բելգիա: Արդեն 20 տարեկան հասակում ավարտել է Բրյուսելի թագավորական կոնսերվատորիան, այնուհետև միաժամանակ սովորել Բելգիայի թագուհի Ելիզավետայի անվան կապելլայում և Բեռլինի ասպիրանտուրայում: Սևակը մի շարք միջազգային մրցույթների հաղթող է: Եղբոր՝ Հրաչյա Ավանեսյանի հետ ստեղծել է տրիո, որը հենց այդպես էլ կոչվում է «Avanesyan Trio»: Երաժիշտները  հաջողությամբ ելույթներ են ունենում տարբեր երկրների բեմահարթակներում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am