Արտաշատի ոստիկանները բացահայտել են ավազակությամբ 51-ամյա տղամարդուց հեռախոս հափշտակողին

Armenpress 21:56, 2 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Արտաշատի բաժինը նոյեմբերի 22-ին, ժամը 4.20-ին, շտապօգնությունից ահազանգ է ստացել, որ «գանգուղեղային տրավմա, գանգի դիմային հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել 51-ամյա մի տղամարդ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանության օպերատիվ խումբը մեկնել է հիվանդանոց և պարզել, որ նոյեմբերի 22-ին, ժամը 3-ի սահմաններում, Արտաշատի Oգոստոսի 23-ի և Աթարբեկյան փողոցների խաչմերուկում ինչ-որ մեկը ծեծել է տղամարդուն, գրպանից հափշտակել բջջային հեռախոսն ու փախել։

«Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների անհետաձգելի միջոցառումներով ավազակային հարձակումը նույն օրը բացահայտվեց։ Կարճ ժամանակահատվածում ճշտվեց կասկածյալի ինքնությունը և գտնվելու վայրը։ Հաղորդումը ստանալուց ժամեր անց, ավազակության կասկածանքով, Շահումյան գյուղից ոստիկանություն բերման ենթարկվեց նույն գյուղի 42-ամյա մի բնակիչ։ Նա խոստովանեց կատարածն ու ոստիկաններին ներկայացրեց հափշտակած հեռախոսը։

Նշանակվել են փորձաքննություններ։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Նախապատրաստվում են նյութեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am