ՅՈՒՆԵՍԿՕ-ն թույլտվություն է խնդրել Սուրբ Սոֆիայում և Խորայի եկեղեցում ուսումնասիրություններ կատարելու համար

Armenpress 21:25, 2 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՅՈՒՆԵՍԿՕ-ն ցանկանում է ուսումասիրություններ կատարել համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում տեղ գտած Սուրբ Սոֆիա (Այա Սոֆիա) և Խորայի (Քարիյե) տաճարներում կատարված փոփոխությունների վերաբերյալ։

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Gazete Duvar լրատվական կայքը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Էռնեստո Օտտոնեն Թուրքիայի կառավարությունից թույլտվություն է խնդրել, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ խորհրդական Մյունիր Բուչենակին կարողանա մասնակցել հետազոտական աշխատանքներին։

Ընդգծելով, որ Բուչենակին նախատեսում է վերանայել և նշել բյուզանդական շրջանի երկու հին եկեղեցիներում՝ Սուրբ Սոֆիայում և Խորայում կատարված միջամտություններն ու հնարավոր փոփոխությունները, Օտտոնեն անդրադարձել է այս հարցի շուրջ շրջանառվող լուրերին և ապատեղեկատվությանը: Ըստ Deutsche Welle-ի թուրքերեն բաժնի զեկույցի ՝ Օտտոնեն հայտարարել է, որ իրեն անհանգստացնում են երկու կառույցներում քրիստոնեության համար արժեքավոր տարրերին միջամտելու լուրերը: Օտտոնեն շեշտել է, որ տագնապալի են նաև այն կեղծ հաղորդագրությունները, թե ՅՈՒՆԵՍԿՕ-ն կհաստատի, որ այս երկու թանգարանները վերափոխվեն մզկիթի:

Գրեթե 1000 տարի որպես քրիստոնեական Բյուզանդիայի գլխավոր տաճար ծառայած Սուրբ Սոֆիան մզկիթի էր վերածվել սուլթան Մեհմեդ Ֆաթիհի կողմից 1453թ․ Կ․Պոլսի գրավումից հետո։ 1934թ․ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի նախաձեռնությամբ վերածվել էր թանգարանի։

Խորայի եկեղեցին մզկիթի էր վերածվել 16-րդ դարում սուլթան Բայազիդ II-ի մեծ վեզիր Աթիք Ալի փաշայի կողմից, իսկ 1945թ․ թուրքական կառավարությունը թանգարանի կարգավիճակ էր տվել։

2020թ․ Սուրբ Սոֆիայի տաճարը և Խորայի եկեղեցին Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնությամբ և Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանների կայացրած որոշումներով կրկին վերածվել են մզկիթների՝ համապատասխանաբար Այա Սոֆիա և Քարիյե անվանումներով։

Էմմա Արդարյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am