Լրագրողական կազմակերպությունները դատապարտել են «Երկիր մեդիա»-ի օպերատորի նկատմամբ ոստիկանության գործողությունները

Armenpress 17:51, 2 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրագրողական կազմակերպությունները դատապարտել են նախօրեին «Երկիր մեդիա» հեռուստաընկերության օպերատորի նկատմամբ ոստիկանության կողմից իրականացված գործողությունները և պահանջում են դեպքի առնչությամբ ծառայողական քննություն նախաձեռնել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Երեկ՝ դեկտեմբերի 1-ի երեկոյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կազմակերպված ակցիայի ընթացքում ոստիկանները խոչընդոտել են լրագրողների աշխատանքը և փորձել բերման ենթարկել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության օպերատոր Հայկ Սուքիասյանին։

Ինչպես հայտնել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության քաղաքական և լրատվական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում, ի թիվս ակցիայի այլ մասնակիցների, ոստիկաններն ուժ կիրառելով օպերատորին նստեցրել են մեքենան, սակայն շուտով բաց են թողել: Միջադեպի ընթացքում կոտրվել է հեռուստաընկերության տեսախցիկը։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, դատապարտում ենք ԶԼՄ աշխատակցի նկատմամբ բռնի գործողությունը և պահանջում ենք դեպքի առնչությամբ ծառայողական քննություն նախաձեռնել։

Դժվար չէ կանխատեսել, որ երկրում տիրող հասարակական-քաղաքական խորը ճգնաժամը զուգորդվելու է զանգվածային բողոքի ակցիաներով, և լրատվամիջոցների պարտականությունն է համակողմանիորեն լուսաբանել դրանք։ Այս էքստրեմալ պայմաններում ոստիկանության գործողությունները պետք է նպատակաուղղված լինեն լրագրողների անվտանգ գործունեության ապահովմանը և ոչ`անհարկի սահմանափակումներ ստեղծելուն։

Մենք շարունակելու ենք ուշադրությամբ հետևել իրադարձություններին և արձագանքելու ենք լրագրողների իրավունքների ցանկացած խախտման»։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am