Պետք է ամեն ինչ անել գերիների փոխանակման գործընթացն արագացնելու համար. Ավինյանն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակությանը

Armenpress 16:43, 2 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դեկտեմբերի 2-ին ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությանը՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Մարտին Շյուպի գլխավորությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Տիգրան Ավինյանի գրասենյակից:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մարտին Շյուպը նշել է, որ ԿԽՄԿ-ի ու Հայաստանի միջև արդյունավետ երկխոսություն է հաստատվել: Նա նաև կարևորել է Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հետ համագործակցությունը:

Քննարկվել են գերիների փոխանակման, անհետ կորածների ու զոհվածների դիերի հայտնաբերման ուղղությամբ կատարվող աշխատանքների վերաբերող հարցեր: Փոխվարչապետը նշել է, որ պետք է ամեն ինչ անել այս գործընթացը հնարավորինս արագացնելու համար:

Տիգրան Ավինյանն ասել է, որ գերիների փոխանակման գործընթացում հայկական կողմն առաջարկում է կիրառել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը: Առաջարկվում է նաև ստեղծել մեխանիզմ, ըստ որի նոր գերիների հայտնաբերման պարագայում կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է առանց նախապայմանների ետ վերադարձնել նրանց:

Կողմերը անդրադարձել են նաև Արցախում հումանիտար իրավիճակին և ռազմական գործողությունների արդյունքում տուժած անձանց անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու հարցերին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am