Անի Սամսոնյանը հայ ռազմագերիների հարցով դիմել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին

Armenpress 20:22, 1 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցով դիմել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի երրորդ` Ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի հանձնաժողովի նախագահող Կիրիակոս Հաջիանիին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սամսոնյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Որպես ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակ դիմել եմ վեհաժողովի երրորդ` Ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի հանձնաժողովի նախագահող Կիրիակոս Հաջիանիին (Կիպրոսի պատվիրակ) մեր ռազմագերիների հարցով»,- գրել է Սամսոնյանը:

Պատգամավորը նշել է, որ գրության հետ միասին տրամադրել է նաև այն տեսանյութերը, որոնք ապացուցում են հայ ռազմագերիների նկատմամբ ոչ մարդասիրական վերաբերմունքը:

«Ամբողջ պատերազմի ընթացքում ԵԱՀԿ ԽՎ-ն այդպես էլ առանձնահատուկ քննարկման առարկա չդարձրեց Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիան, չնայած այն բանին, որ հանդիպումներից մեկի ժամանակ ի պատասխան իմ ելույթին ԽՎ Գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլան հանձն առավ այն կազմակերպել»,- նշել է Անի Սամսոնյանը:

Խորհրդարանի անդամը հույս է հայտնել, որ կիպրոսցի գործըներկոջ նախագահությամբ երրորդ կոմիտեն կուսումնասիրի ռազմագերիների հարցը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am