Պուտինն ու Միշուստինը շնորհավորել են Գենադի Խազանովին ծննդյան 75-ամյակի առթիվ

Armenpress 15:34, 1 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը 75-ամյա հոբելյանի կապակցությամբ շնորհավորել են խորհրդային և ռուսական էստրադայի, թատրոնի, կինոյի դերասան, ՌԴ ժողովրդական արտիստ Գենադի Խազանովին:

Վլադիմիր Պուտինը նշել է, որ Խազանովը բազմատաղանդ շնորհներ ունի և վայելում է էստրադայի, թատրոնի, կինեմատոգրաֆի երկրպագուների անկեղծ սերը:

«Ստեղծագործական նման հաջողության և պահանջված լինելու գլխավոր գաղտնիքը  ձեր վառ արտիստական խառնվածքն է, հումորի հիանալի զգացումը, անսպառ լավատեսությունը, ինչպես նաև հանդիսատեսի հանդեպ մեծ հարգանքը, որին դուք առատաձեռնորեն պարգևատրում եք ձեր տաղանդով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասվում է Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված շնորհավորական տեքստում:

Միշուստինն էլ իր շնորհավորական ուղերձում արտիստին խոսքի անգերազանցելի վարպետ է անվանել և փայլուն դերասան: Միշուստինն ընդգծել է, որ Խազանովը ոչ թե կոչումով է ժողովրդական արտիստ, այլ՝ ըստ էության: «Դուք երկար տարիներ յուրահատուկ երկխոսություն եք վարում հանդիսատեսի հետ էստրադայում, թատրոնում, կինոյում և չեք դադարում հիացնել, ուրախացնել և անմոռանալի հույզեր պարգևել նրան: Ձեր յուրաքանչյուր դերում նուրբ հեգնանք, անկեղծ հույզեր, ապրումներ և խորություն կա»,-ասվում է վարչապետի շնորհավորական տեքստում, որը զետեղված է ՌԴ կառավարության կայքում:

Գենադի Խազանովը ծնվել է 1945 թվականին հրեաների ընտանիքում։ Խազանովը դպրոցում կազմակերպել է երգիծական միջոցառումներ, նմանակել է տարբեր ձայներ, հեռուստառադիո ծրագրերից հատվածներ է կատարել, շահել բազմաթիվ մրցույթներում: Ավարտել է Ստանիսլավսկու անվան երաժշտական դպրոցը, որտեղ էլ սովորել է դաշնամուր նվագել: 1962 թվականին ավարտել է դպրոցը, փորձել է ընդունվել Շչուկինի անվան թատերական ինստիտուտը, սակայն չի հաջողվել ընդունվել։ Անհաջողության մատնվելուց հետո Խազանովն ընդունվել է Կրկեսային և էստրադային արվեստի պետական ուսումնարան։ Ավարտել է այն և սկսել աշխատել ՌՍՖՍՀ պետական էստրադային նվագախմբում որպես հանդիսավար։ Հետագայում դարձել է Մոսկվայի ինժեներաշինարարական ինստիտուտի ՈՒՀԱ թիմի անդամ։ Ուսանողական տարիներին Խազանովին մեծ հռչակ բերեց «խոհարարական տեխնիկումի ուսանողի» կերպարը: Խազանովը 1997 թվականից Մոսկվայի պետական էստրադային թատրոնի գեղարվեստական ղեկավարն է։ Իր ուսուցչին նա համարում է Արկադի Ռայկինին, որի ստեղծագործությունները մեծ ազդեցություն են թողել նրա վրա:  Հյուրախաղերով ելույթ է ունեցել մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am