Արցախի նախագահը պատրաստակամ է «Ազգային վերածնունդ» կուսակցության հետ կիսել քաղաքական կառավարման պատասխանատվությունը

Armenpress 14:46, 1 Դեկտեմբեր, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 1-ին ընդունել է «Ազգային վերածնունդ» կուսակցության գործադիր մարմնի անդամներին՝ կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի գլխավորությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը նշել է, որ ընթացիկ շրջափուլն Արցախի պատմության ամենածանր ժամանակահատվածներից է, և ձևավորված օրակարգի խնդիրները հաղթահարելու, ինչպես նաև հայ ժողովրդի հարատևությունը սեփական հողի վրա ապահովելու նպատակով այսօր առավել, քան երբևէ պետք է համախմբել բոլոր կարող ուժերը: Նախագահ Հարությունյանը հատուկ շնորհակալություն է հայտնել պատերազմական ծանր օրերին «Ազգային վերածնունդ» կուսակցության դրսևորած բարձր քաղաքացիական գիտակցության և մարտական գործողություններին ունեցած մասնակցության համար, և ընդգծել, որ հանդիպման նպատակը Հայրենիքի առջև ծառացած խնդիրների հաղթահարման ուղիները քննարկելն է: Նա նաև պատրաստակամություն է հայտնել կուսակցության հետ կիսելու երկրի կառավարման քաղաքական պատասխանատվությունը:

Հայկ Խանումյանը հանդիպման համար շնորհակալություն է հայտնել նախագահ Հարությունյանին՝ նշելով, որ կուսակցությունը պատրաստ է պետականաշինության հետագա գործընթացին անմիջական մասնակցություն ունենալու:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am