Անհետ կորած զինծառայողների հարազատները հանդիպում են պահանջում Պաշտպանության նախարարի հետ

Armenpress 14:11, 1 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողների ծնողները և հարազատները հանդիպում են պահանջում Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նրանք հայտնեցին Պաշտպանության նախարարության դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ:

Մինչ այս նրանք դեկտեմբերի 1-ին բողոքի ակցիա են իրականցրել Էջմիածնում գտնվող ՊՆ զորամասի դիմաց` պահանջելով իշխանությունից որոնողական աշխատանքներ իրականացնել Զանգելանի հատվածում: Ծնողները անհասկանալի են համարում, թե ինչու մինչ այժմ  այդ հատվածում որոնողական աշխատանքներ չի իրականացվել և ինչու է այսքան ձգձգվում գործընթացը: Էջմիածնի զորամասի շտաբի պետ Կամո  Մալխասյանը վստահեցրել է բողոքի ակցիա իրականացողներին, որ այսօր կամ վաղը աշխատանքները իրականացվելու են:

Անհետ կորած զինծառայողների հարազատները ակցիա են իրականացրել նաև Երևանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց: Դեսպանատան աշխատակիցն անհետ կորած զինծառայողներին հարազատներին հայտնել է, որ նրանք այդ ուղղությամբ կգործադրեն բոլոր ջանքերը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am