«Իմ քայլը» հիմնադրամը կկազմակերպի Սուրբ Ծննդյան տոնավաճառ ու անվճար հացատուն Ստեփանակերտում

Armenpress 12:20, 1 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը հայտարարում է պատերազմի հետևանքով տուժած Արցախի ժողովրդին սատարող մի շարք ծրագրերի մասին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին «Իմ քայլը» հիմնադրամից, աջակցության ծրագրերն են.

օժանդակություն ՀՀ-ում գործող հումանիտար օգնության կայաններին, ՀՀ-ում ժամանակավոր բնակություն հաստատած դպրոցահասակներին համապատասխան փաթեթների տրամադրում (պայուսակ, գրենական պիտույքներ և այլն), ՀՀ-ում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցի հղի կանանց ու նորածինների համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերում (մանկասայլակ, համապատասխան հագուստ, հիգիենայի պարագաներ), փոքրիկ արցախցիների համար Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառի կազմակերպում Ստեփանակերտում, ամանորյա միջոցառումներ զինվորականների երեխաների համար Երևանում և ՀՀ մարզերում,  ժամանակավոր հացատուն Արցախի այլ բնակավայրերից Ստեփանակերտ տեղափոխված արցախցիների համար (բազմազավակ մայրերն ու իրենց երեխաները, միայնակ տարեցները, ֆիզիկապես իրենց ընտանիքների կողքից բացակայող զինվորականների ընտանիքները):

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը, հաշվի առնելով ստեղծված իրավիճակն ու կարիքներին արձագանքելու հրատապությունը, ձեռնամուխ է եղել մի շարք միջոցառումների, աջակցության ծրագրերի իրականացմանը: Բոլոր միջոցառումները մշակվում և իրականցվում են ՀՀ և ԱՀ պետական համապատասխան մարմինների հետ համագործակցությամբ, կարիքների և պահանջարկի ուսումնասիրությամբ: 

Սակայն, ունենալով հստակ գիտակցություն ու պատասխանատվություն առ այն, որ անհրաժեշտ է մարդկանց ապահովել արժանապատիվ միջավայր խնդիրները հաղթահարելու, ոտքի կանգնելու ու զարգանալու համար, հրատապ միջոցառումներին զուգահեռ մշակվում են նաև երկարաժամկետ ինքնաշխատ ծրագրեր, որ անպայմանորեն կբերեն դրական փոփոխություններ, մարդկանց կյանքի պայմանների բարելավում:

«Մենք պետք է արժանապատվորեն՝ մեկս մյուսին սատարելով, գոտեպնդելով, հաղթահարենք ճգնաժամն ու նորից բռնենք զարգացման ուղին:  Համատեղելով ջանքերը՝ փոխանցենք մեր սերն ու հոգատարությունը մեր հայրենակիցներին՝ https://mystep.foundation/hy/donate/

Հարգելի՛ հայրենակիցներ, հետևե՛ ք «Իմ քայլը» հիմնադրամի պաշտոնական էջերին, որտեղ կլինեն մանրամասն հայտարարություններ ընթացիկ աշխատանքների մասին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am