Աննա Հակոբյանը հանդիպել է Արցախյան պատերազմում գերեվարված, անհետ կորած զինծառայողների մայրերի հետ

Armenpress 19:51, 30 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 30-ին կառավարության ամառանոցում տեղի է  ունեցել հանդիպում Արցախյան պատերազմում գերեվարված, անհետ կորած ժամկետային զինծառայողների մայրերի հետ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ «Իմ քայլը» հիմնադրամի «Ֆեյսբուք»-ի էջից:

ԱննաՀակոբյանն իր զորակցությունն է հայտնել հայ մայրերին։ «Ե՛վ ես, և՛ մեր ընտանիքը կիսում ու կրում ենք ձեր ապրումները, ցավը: Ամենաբարձր մակարդակով արվում է հնարավորն ու անհնարինն իրավիճակից ելք գտնելու, մեր տղաներին ընտանիք վերադարձնելու համար»,-ասել է նա:

Հանդիպմանը մայրերն իրենց ունեցած տեղեկությունները, անհանգստությունները, բողոքը հայտնել են վարչապետի տիկնոջը: Աննա Հակոբյանը մայրերին հայտնելէ, որ ուժերի ու լիազորությունների սահմաններում կփորձի մայրերի բարձրացրած հարցերն ուղղել համապատասխան կառույցներին:

«Զրույցի ընթացքում ի հայտ եկավ նաև ընտանիքների կրտսեր անդամներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտություն, ուստի «Իմ քայլը» հիմնադրամի սոցիալական հարցերով պատասխանատուները կանեն կարիքների գրանցում ու կկազմակերպեն մասնագետների հանդիպումներ երեխաների, ինչպես նաև մեծահասակների հետ: Հոգեբանական աջակցությունը կկազմակերպվի Հայկական Կարմիր Խաչի ընկերության հետ համագործակցությամբ»,-հայտնում են հիմնադրամից:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am