Արցախի հակամարտության գոտուց զոհված զինծառայողների ավելի քան 600 մարմին է հանվել

Armenpress 15:19, 30 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը հանդիպում են ունեցել պատերազմում անհայտ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների մի խումբ հարազատների հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Հարությունյանը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում:

«Այսօր հերթական հանդիպումն եմ ունեցել անհայտ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների մի խումբ հարազատների հետ, որին մասնակցում էին Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը և ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը: Ներկայացնելով իրականացվող հումանիտար աշխատանքների ինտենսիվությունը՝ նշել եմ, որ ԱՀ ԱԻՊԾ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի արցախյան գրասենյակի և ռուս խաղաղապահների սերտ համագործակցության շնորհիվ այս ընթացքում ավելի քան 600 մարմին է հանվել հակամարտության գոտուց, և ամեն օր աշխատանքները շարունակվում են»,- գրել է Հարությունյանը:

Արցախի նախագահը նշել է, որ այս օրերին պետական ամենաբարձր մակարդակով գործադրվում են բոլոր ջանքերը հնարավորինս կարճ ժամկետներում անհայտ կորած բոլոր հայրենակիցների ճակատագրերը պարզելու ուղղությամբ:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am