Արվեստագետները հայ ռազմագերիների վերադարձի հարցում աջակցելու կոչով դիմել են Ֆրանսիայի դեսպանատուն

Armenpress 14:58, 30 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու հորդորով մի խումբ արվեստագետներ՝ դերասաններ, երաժիշտներ, երգիծաբաններ և նրանց աջակցող քաղաքացիներ նոյեբերի 30-ին Շառլ Ազնավուրի հրապարակից երթ էին կազմակերպել դեպի ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն: Նրանք նամակ հանձնեցին դեսպանատուն՝ կոչ անելով աջակցել գերիների վերադարձի հարցում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանն ասաց, որ Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչը խոստացել է նամակն օրվա ընթացքում հանձնել ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթին, իսկ իրենք էլ շեշտել են, որ սպասելու են պատասխանի:

«Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 13:00-ին հավաքվելու ենք Մինսկի խմբի համանախագահ երկրներից ԱՄՆ-ի դեսպանատան մոտ: Նրանց նույնպես նամակ ենք հանձնելու: Մենք այս նամակների օրինակներն ուղարկում ենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ և ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակ»,- նշեց արտիստն ու հավելեց, որ հետագա անելիքները համաձայնեցնելու են վերոնշյալ կառույցների հետ, քանի որ առանց նրանց խորհրդի որևէ բան նախաձեռնելը կարող է վնասել գործընթացին:

ՀՀ ժողովրդական արտիստ Աշոտ Ղազարյանը, որը նույնպես մասնակցում էր նախաձեռնությանը, ասաց, որ մարդիկ ցանկանում են իմանալ՝ իրենց զավակները կենդանի՞ են, թե ոչ: «Ծնողները չափազանց վատ վիճակում են: Մարդ պետք է երեխա ունենա, թոռնիկ, որ հասկանա այս ամենի իմաստը:  Ես էլ չեմ կարողանում քնել: Այո՛, երբեմն նկարահանվում ենք, այդ կերպ փորձում ենք ինչ-որ չափով ժողովրդին սթրեսային իրավիճակից դուրս բերել: Նկարահանման հրապարակում ոչ ոք տրամադրություն չունի: Տեսարանը պահանջում է, և մենք ժպտում ենք, բայց ներսդ վառվում է: Այն մարդու համար, որը կպած է այս հողին, ջրին, ծնվել է այստեղ, մեծացել է այստեղ ու այստեղ էլ, հավանաբար, կավարտի իր կյանքը, նրա համար շատ դժվար է»,- նշեց դերասանը:

Ղազարյանն ընդգծեց, որ հավաքը ոչ մի քաղաքական ուղղվածություն չունի, և իրենց հիմնական նպատակն է բարձրաձայնել անհետ կորածների, գերիների և զոհված տղաների հարցը:

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանն էլ հորդորեց աշխարհի բոլոր հայերին նամակներ ուղարկել այն երկրների կառավարություններին, պատկան մարմիններին, որոնցում ապրում են: «Սա քաղաքացիական ակցիա է, ոչ թե քաղաքական: Մենք մեր ձայնն ենք միացնում այն ծնողների ձայներին, որոնք չեն կարողանում ետ բերել գերի ընկած երեխաներին»,- ասաց պրոդյուսերը:

Հայ ռազմագերիների խնդրով մտավորականները նոյեմբերի 29-ին նամակ են հանձնել ՀՀ-ում ՌԴ դեսպանություն, նոյեմբերի 30-ին՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանություն, իսկ դեկտեմբերի 1-ին պատրաստվում են նամակ հանձնել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am