Ռուս սակրավորներն ականազերծել են Շուշի-Լիսագոր ավտոճանապարհի շուրջ 3 կիլոմետր հատված

Armenpress 10:13, 30 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի պաշտպանության նախարարության հակաականային միջազգային կենտրոնի զինծառայողները շարունակում են ինժեներական հետախուզության և տեղանքի ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, ռուսական ինժեներային հետախուզության ստորաբաժանումները իրականացնում են ականազերծման աշխատանքներ խաղաղապահ դիտակետերի միջև ընկած տարածքներում, բնակավայրերի և սոցիալական ենթակառուցվածքների մոտակայքում:

Կենտրոնի մասնագետների կողմից իրականացվել է ինժեներական հետախուզություն և  պայթյունավտանգ առարկաների հեռացում  Շուշի-Լիսագոր ճանապարհին՝ շուրջ 3 կիլոմետր հատվածում:

Մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է ավելի քան 100 պայթյունավտանգ առարկա, որոնք տեղափոխվել են հատուկ սարքավորումներով հագեցած զորավարժարան և ոչնչացվել են:

Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության ամբողջ ընթացքում ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 24 հեկտար տարածք և ավելի քան 8 կիլոմետր ճանապարհ, հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 750 պայթյունավտանգ առարկա:

Զինամթերքը, որը հնարավոր չէ տեղափոխել զորավարժարան, ոչնչացվում է տեղում՝ ապահովելով անվտանգությունը:

ՌԴ ՊՆ-ն նշում է, որ ռուս խաղաղապահները առավելագույնս աջակցում են տեղական իշխանություններին՝ խաղաղ կյանքը վերականգնելու հարցում: Խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները օգնում են վերականգնել ճանապարհային շարժը, սոցիալական օբյեկտների և բնակելի տների էլեկտրամատակարարումն ու ջրամատակարարումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am