1000х90.jpg (78 KB)

Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել պատերազմի օրերին Տեր-Պետրոսյանի և Քոչարյանի կողմից Մոսկվա մեկնելու ցանկության հետ կապված

Armenpress 09:26, 30 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից պատերազմի օրերին Մոսկվա մեկնելու ցանկության հետ կապված: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին գրառում է արել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Հոկտեմբերի 20-ին Արցախի երկրորդ եւ երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը առաջարկեցին Հայաստանի եւ Արցախի ներկա եւ նախկին ղեկավարների հանդիպում կազմակերպել, որը պատերազմի օրերին կլինի ազգային միասնության արտահայտում: Որոշ քննարկումից հետո համաձայնվեցի: Պայմանավորվեցինք, որ երբ իրենք ազդանշան տան, որ Հայաստանի պաշտոնաթող նախագահները պատրաստ են, ես կկազմակերպեմ հանդիպումը:

Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը մեր հաջորդ հանդիպմանը ասացին, որ գաղափարին մի նրբություն է ավելացել. Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը ուզում են մեկնեն Մոսկվա, այնտեղ բարձր մակարդակի հանդիպումներ ունենան եւ մեր հանդիպումը կազմակերպվի նրանց վերադարձից հետո եւ մի տեսակ դառնա տեղեկատվության համադրման, իրադրության ավելի ինֆորմացված քննարկման միջոցառում:

Ասացի, որ դեմ չեմ գաղափարին, նույնիսկ պետական ինքնաթիռը կտրամադրեմ, թող մեկնեն, հանդիպումներ ունենան, վերադառնան: Արցախի պաշտոնաթող նախագահները, սակայն, իմ համաձայնությունից հետո եւս մեկ հարց բարձրացրին. ասացին, որ անհրաժեշտ է, որ ես միջնորդեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որ նա ընդունի Լ. Տեր-Պետրոսյանին եւ Ռ. Քոչարյանին, որպես հատուկ բանագնացներ:

Պատասխանեցի հետեւյալը. Ռուսաստանի նախագահի հետ ես մշտական կապի մեջ եմ: Օր կա՝ հինգ-վեց անգամ հեռախոսով խոսում եմ հետը: Հիմա եթե ինձ հարցնի, այդ ի՞նչ ասելիք ունես, որ ինձ չես կարողանում ուղիղ ասել եւ դա ուզում ես ասել հատուկ բանագնացների միջոցով, ես ի՞նչ պիտի պատասխանեմ:

Նույն հարցը առաջացավ նաեւ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի պարագայում, երբ Արցախի պաշտոնաթող նախագահները ասացին, որ մեր ԱԳ նախարարն էլ Լավրովին միջնորդի, որ նա ընդունի մեր հատուկ բանագնացներին: Մեր ԱԳ նախարարը մշտական կապի մեջ է ՌԴ ԱԳ նախարարի հետ, Մոսկվայում նախատեսված է նրանց հանդիպումը: Եթե նույն հարցը Լավրովը տա մեր ԱԳ նախարարին, նա ի՞նչ պետք է պատասխանի:

Առաջարկեցի այլ տարբերակ. արագ կազմակերպել Տեր-Պետրոսյանի եւ Քոչարյանի արարողակարգային այց Մոսկվա՝ որպես պաշտոնաթող նախագահներ, որտեղ նրանք կլինեն ՌԴ պաշտոնաթող նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հյուրը, ով նաեւ ՌԴ ԱԽ նախագահի տեղակալն է եւ այցի շրջանակներում փորձել քաղաքավարական հանդիպումներ կազմակերպել ՌԴ նախագահի, ԱԳ նախարարի եւ այլ բարձրաստիճան անձանց հետ:

Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը հեռացան՝ խոստանալով քննարկել այս տարբերակը Տեր-Պետրոսյանի եւ Քոչարյանի հետ: Պարզվեց՝ վերջիններիս համար այնքան էլ հետաքրքիր չէ իմ առաջարկած տարբերակը: Բակո Սահակյանը ինձ համար անսպասելի հայտարարեց, թե Տեր-Պետրոսյանը եւ Քոչարյանը Սերգեյ Լավրովի հետ հանդիպման պայմանավորվածություն ունեն:

Էդ դեպքում ինձնից ի՞նչ են ուզում. պայմանավորված են՝ թող մեկնեն Մոսկվա, հանդիպեն: Պարզվեց՝ հարցը Ռ. Քոչարյանի անձնագիրն է, որը դատարանում է: Ասացի՝ թող միջնորդություն ներկայացնեն դատարան, ես կխնդրեմ, որ մեղադրանքի կողմը չառարկի անձնագիրը վերադարձնելուն: Այդպես էլ եղավ. դատարանը վերադարձրեց Քոչարյանի անձնագիրը, բայց Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը Մոսկվա այդպես էլ չմեկնեցին»,- գրել է Փաշինյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am