ՀՀ ՊՆ և ԱՀ ԱԳ նախարարները կարևորել են հայ զինծառայողների վերադարձի աշխատանքները

Armenpress 13:11, 29 Նոյեմբեր, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Երևանում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը նոյեմբերի 28-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Մասիս Մայիլյանը շնորհավորել է Վաղարշակ Հարությունյանին՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու առիթով՝ հատուկ ընդգծելով, որ ստեղծված դժվարին իրավիճակում այն էլ ավելի մեծ պատասխանատվություն է ենթադրում: Հանդիպմանը կողմերն անդրադարձ են կատարել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության իրականացման ընթացքին՝ կարևորելով հանրապետությունում կայունության ապահովման և մարդասիրական ոլորտում առկա բարդ խնդիրների լուծմանն ուղղված Արցախի իշխանությունների հետ համագործակցությամբ ձեռնարկվող միջոցառումները։ Նախարարները երկուստեք նշել են Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական ագրեսիայի արդյունքում զոհված հայ զինծառայողների մարմինների դուրսբերման, անհայտ կորածների ճակատագրերի բացահայտման, ռազմագերիների, ինչպես նաև պատանդների ազատ արձակման ուղղությամբ աշխատանքների արագ իրականացման կարևորությունը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am