COVID-անվտանգության նոր կանոնները թերի են կիրառվում մարզերում. ԱԱ տեսչական մարմին

Armenpress 21:55, 27 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի Գավառ, Աբովյան և Հրազդան քաղաքների հիվանդանոցներում, ատամնաբուժարաններում, վարսավիրանոցներում և մանրամեծածախ առևտրի կետերում ստուգայցի ընթացքում մտահոգիչ խախտումներ են նկատել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևելյան տարածքային կենտրոնի մասնագետները։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից։

«ԱԱՏՄ տեսուչներն արձանագրել են, որ բժշկական հաստատություններում խախտումներ են եղել՝ կապված վտանգավոր թափոնների անվտանգ գործածության և մանրէազերծման աշխատանքների հետ։ Տեսչականի մասնագետները խախտումներն արագ վերացնելու հանձնարարական են տվել։

Մյուս տնտեսավարողների մոտ հիմնական խախտումները շարունակում են նույնը մնալ՝ թերություններ ախտահանման աշխատանքներում, ոչ ճիշտ չափաբաժիններով ախտահանիչ նյութերի առկայություն, չի իրականացվում օրական 2 անգամ ջերմաչափում, պատշաճ կերպով չեն վարվում կամ առհասարակ բացակայում են գրանցամատյանները:

Ինչ վերաբերում է դիմակ կրելուն, ապա ԱԱՏՄ տեսուչներն այստեղ դրական դինամիկա են տեսնում. նկատվում է դիմակներն ավելի շատ և ճիշտ կրելու միտում։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) շարունակում է դիտարկել առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանումը հանրապետության ողջ տարածքում։

Հիշեցում՝ տարբեր ոլորտների համար սահմանված covid-անվտանգության կանոններում նոր փոփոխություններ կան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am