ԱԱՏՄ-ն Կենտրոն վարչական շրջանում հակահամաճարակային կանոնների կոպիտ խախտումներ չի հայտնաբերել  

Armenpress 21:16, 27 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային ստորաբաժանման աշխատանքային թիմերը նոյեմբերի 27-ին լայնածավալ ստուգայց են կատարել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում՝ Հյուսիսային պողոտայի խանութներում, «Մետրոնոմ» առևտրի կենտրոնում։ Դիտարկվել են նաեւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) և «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲ ընկերությունների գրասենյակները, Երևանի քաղաքապետարանը։ «Արմենպրես»-ն տեղեկացավ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից։

Դիտարկված բոլոր տնտեսավարողների մոտ, ընդհանուր առմամբ, հակահամաճարակային կանոնների պահպանման առումով բարվոք պատկեր է նկատվել։ Առանձնահատուկ և կոպիտ խախտումներ ԱԱՏՄ տեսուչները չեն արձանագրել։

«ՀԷՑ և ՀԿԵ ՓԲԸ գրասենյակներն ու Երևանի քաղաքապետարանը շարունակել են կիրառել նախկինում ընդունված ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանների ձևանմուշները և իրազեկման թերթիկները։ Տեսչականի մասնագետները տեղում իրազեկել և թերությունները վերացնելու հանձնարարական են տվել։

Մարդկանց կուտակում է նկատվել Հյուսիսային պողոտայի խանութներում, ինչի մասին տեղյակ է պահվել պատասխանատուներին եւ հանձնարարվել է հրատապ վերացնել խախտումները։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ամենօրյա ռեժիմով շարունակում է աշխատանքը, նպատակը սահմանված անվտանգության նորմերի պահպանման վերահսկողությունն ու համաճարակի տարածումը կանխելն է»,- ասվում է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am