Պատգամավորը ռազմական դրությունը վերացնելուց առաջ իրավական մեխանիզմներ ստեղծելու կարիք է տեսնում

Armenpress 16:26, 26 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը այս պահին ռազմական դրությունը վերացնելու համար բավարար պայմաններ չի տեսնում, ընդդիմադիր գործընկերներին առաջարկում է միասին աշխատել այդ ուղղությամբ՝ ստեղծելու համապատասխան իրավական մեխանիզմներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վլադիմիր Վարդանյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ նիստում ԼՀԿ-ի նախաձեռնած՝ Ռազմական դրությունը վերացնելու մասին օրենքի նախագծի քննարկմանը:

«Ռազմական դրությունը հավերժ չի կարող և չպետք է մնա: Ռազմական դրությունն ընդամենը ռեժիմ է՝ ապահովելու, կոնսոլիդացնելու երկրի ինքնապաշտպանական համակարգը: Եվ այն պետք է հանվի այն ժամանակ, երբ կլինեն բոլոր բավարար պայմանները: Օր առաջ ռազմական դրությունը պետք է հանվի, եթե հանգամանքները դա թույլ տան, և եթե դա հնարավոր լինի: Անթույլատրելի է այս պարագայում՝ առանց անհրաժեշտ իրավական ընթացակարգերի նախատեսման, գնալ ռազմական դրությունը հանելուն: Մենք չունենք այն իրավական մեխանիզմները, որոնք այսօր կկարողանան փոխարինել ռազմական դրությանը»,-ասաց պատգամավորը:

Վարդանյանը շեշտեց, որ Ադրբեջանը ռազմական դրությունը, պարետային ժամը չի վերացրել: Նա նշեց նաև, որ չի ուզում նույնականացնել Հայաստանը Ադրբեջանին, ժողովրդական ուղուց  շեղումն անթույլատրելի է: «Այդուհանդերձ, մենք պետք է հասկանանք, որ կա որոշակի վտանգի աստիճան, սահմանների խնդիր կա, համապատասխան զորքերի տեղակայման խնդիր կա: Այդ բոլոր խնդիրները պետք է հաշվի առնվեն»,-ասաց պատգամավորը:

Նա առաջարկեց ռազմական դրության դադարեցման հարցում նախատեսել իրավական մեխանիզմներ: «Չափազանց կարևոր է, որ մենք կարողանանք ստեղծել իրավական բազան՝ ռազմական դրությունից նորմալ պայմանների անցնելու համար»,-ասաց Վարդանյանը:

Պատգամավորը շեշտեց, որ ռազմական դրության պահպանման կամ չեղարկման գործում կա կարևոր գործոն՝ ԳՇ-ի և զինվորականների կարծիքը: «Իսկ այդ կարծիքը հետևյալն է՝ տվյալ պայմանում չկան հիմքեր այն փոխելու, չկան այլընտրանքային միջոցներ, եկեք աշխատենք այդ ուղղությամբ, եկեք փոխենք ռազմական դրության ռեժիմը»,-եզրափակեց նա:

Աննա Գրիգորյան

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am