1000х90.jpg (78 KB)

Բաբկեն Թունյանը մեկնաբանեց գործադիրում կադրային փոփոխությունների նպատակը

Armenpress 14:08, 26 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը մեկնաբանեց գործադիրում կադրային փոփոխությունների նպատակը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թունյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

Պատգամավորը հիշեցրեց, որ որևէ մեկը չի ասել, թե կադրային փոփոխություններով պետք է ետ բերվեն կորսված հողերը: «Կադրային փոփոխութունները նրա համար են, որ թարմ շունչ հաղորդվի»,-ասաց նա ու հավելեց, որ տնտեսությունն ու մնացած համակարգերը պետք է նորմալ աշխատեն:

Թունյանը նշեց, որ կոնկրետ ոլորտների հետ կապված կային կոնկրետ դժգոհություններ: «Կային նաև ոլորտներ, որոնցում ինքներս ենք գտել, որ նոր շունչ ու նոր մոտեցում է պետք: Խնդիրը ոչ թե անձերն են, այլ ծրագրերն ու գաղափարները»,- ասաց պատգամավորը:

Նրա խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ճանապարհային քարտեզում նշված 6 ամիսը հենց այն ժամանակահատվածն է, որ նոր կադրային պոտենցիալով պետք է արդյունքներ ցույց տան: «Կանցնի այդ ժամանակահատվածը, կամփոփենք ու կտեսնենք, թե եղա՞ն այդ արդյունքները, այս կադրային փոփոխություններն ինչքանո՞վ էին արդյունավետ: Կադրային փոփոխություններն ուղղակիորեն կապել Արցախի հողերի խնդրի հետ, կարծում եմ, տեղին չէ»,-ասաց Թունյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է առաջիկայում ամենակարևոր անելիքների ճանապարհային քարտեզը:

Վերջին օրերին փոփոխություններ են տեղի ունեցել գործադիրի կազմում: Փոխվել են մի շարք նախարարներ, փոխնախարարներ:

Աննա Գրիգորյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am