Հայաստանից արտահանման ծավալը նվազել է 4.4%-ով, իսկ ներմուծմանը՝ 13.7%-ով

Armenpress 09:18, 26 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանման ծավալը 2020-ի հունվար-սեպտեմբերին, ընթացիկ գներով, կազմել է 1 մլրդ 828 մլն 122 հազար ԱՄՆ դոլար և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել 4.4%-ով, իսկ ներմուծման ծավալը (ըստ արտահանող երկրի) կազմել է 3 մլրդ 219 մլն 918.7 հազ. դոլար և նվազել արդեն 13.7%-ով։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից, Հայաստանից Անկախ պետությունների համագործակցության երկրներ արտահանումն այս տարվա առաջին ինն ամիսներին կազմել է 494 մլն 424.9 հազ. դոլար և 2019-ի նույն ամիսների համեմատ նվազել 12%-ով, իսկ ներմուծումն այդ երկրներից Հայաստան կազմել է 1 մլրդ 332 մլն 696 հազ. դոլար և աճել 5.1%-ով, որից Եվրասիական տնտեսական միության երկրներ արտահանումը կազմել է 472 մլն 683.5 հազար դոլար և նվազել 11.8%-ով, իսկ ներմուծումը՝ 1 մլրդ 230 մլն 686 հազ. դոլար և աճել 6.7%-ով, իսկ ԱՊՀ այլ երկրներ արտահանումը կազմել 21 մլն 741.4 հազ. դոլար (17.7% նվազում), ներմուծումը՝ 102 մլն 9.9 հազ. դոլար (11.2% նվազում)։

Հայաստանից Եվրոպական միության երկրներ արտահանման ծավալը 2020-ի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 27.5%-ով՝ մինչև 325 մլն 922.6 հազ. դոլար, իսկ այդ երկրներից ՀՀ ներմուծումը նվազել է 16.1%-ով՝ մինչև 662 մլն 8.9 հազ դոլար։ Այլ երկրեր Հայաստանից արտահանման ծավալն աճել է 11.9%-ով և կազմել 1 մլրդ 7 մլն 774.5 հազար դոլար, իսկ ներմուծումը՝ նվազել 26.8%-ով և կազմել 1 մլրդ 225 մլն 213.8 հազ. դոլար։

Վերոնշյալ ցուցանիշները ներկայացնում են ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ՀՀ վիճակագրական կոմիտեի ստացած (ըստ հոկտեմբերի 18-ին ստացված տեղեկատվության ամփոփման) և Վիճկոմիտեի հավաքած տվյալները (բացառությամբ էներգակիրների վերաբերյալ տեղեկատվության, որը ներկայացնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և էներգետիկայի ոլորտի կազմակերպությունները, քանզի էներգակիրների վերաբերյալ ապրանքների հայտարարագրերի և «Վիճակագրական ձև»-ի լրացման ժամկետները կարող են չհամընկնել արտահանման և ներմուծման փաստացի ժամկետներին), իսկ փոխադարձ առևտրի ցուցանիշները վերաբերում են միայն ՀՀ և ԵԱՏՄ միջև առևտրին։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am