Թուրքական լիրան կրկին սկսել է անկում ապրել

Armenpress 14:54, 25 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական լիրան նոյեմբերի 23-ից նորից սկսել է անկում ապրել՝ մեկ ամերիկյան դոլարի նկատմամբ հասնելով 8-ի: Թուրքական ազգային արժույթը սկսել էր վերականգնել արժեքը տնտեսական ոլորտում կատարված փոփոխություններից, ինչպես նաև տնտեսության և դատական համակարգերում խոստացված բարեփոխումների մասին հայտարարություններից հետո: Սակայն, չնայած բոլոր դրական տեղաշարժերին, թուրքական լիան և տնտեսական ոլորտը Թուրքիայում վերադառնում են անմխիթար վիճակին:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով BBC Turkiye լրատվական կայքը, այն բանից հետո, երբ Կենտրոնական բանկի տնօրեն նշանակվեց Նաջի Աղբալը, իսկ Ֆինանսների նախարար՝ Լյութֆի Էլվանը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարեց, որ տնտեսական ոլորտում սկսվում է բարեփոխումների մի նոր շրջան:  Այս զարգացումներից հետո մեկ դոլարի համեմատ թուրքական լիրայի արժեքը կազմեց 10%. դոլարի և լիրայի փոխարժեքը 7.5-ից իջավ: Սակայն նոյեմբերի 23-ից այս աճը կրճատվեց 5%-ով: Թուրքական լիրայով վճարվող հարկերի վրա դրականորեն էր ազդել նաև Թուրքիայի Կենտրոնական բանկի կողմից նոյեմբերի 19-֊ին շուկայական տոկոսադրույքները բարձրացնելու միջոցով դրամավարկային քաղաքականությունը 15% հասցնելը։

Ըստ որոշ փորձագետների՝ թուրքական լիրայի արժեզրկման գործում մեծ դեր է խաղացել նոյեմբերի 24-ին  Թուրքիայի նախագահի բարձրագույն խորհրդատվական կոմիտեից Բյուլենթ Արընչի հրաժարականը: Արընչը մինչև 2015 թվականը եղել է Թուրքիայի փոխվարչապետը, իսկ 2015-ից՝ նախագահի բարձրագույն խորհրդատվական կոմիտեի անդամ: Նախագահ Էրդողանը կտրուկ արձագանքեց «ԺԴԿ» - ի նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի և գործարար Օսման Կավալայի ձերբակալությունների վերաբերյալ Արընչի քննադատությանը, ինչը ևս առիթ էր հանդիսացավ Արընչի հրաժարականին: Իր հրաժարականի մասին Արընչը գրեց իր թվիթերի միկրոբլոկում նոյեմբերի 24-ին:

Մերի Վարդումյան

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am