Հայ ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքը պետք է մանրակրկիտ հետաքննվի. ԵԽ պատգամավոր

Armenpress 11:40, 25 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը պատրաստվում է ԵԽ-ում բարձրացնել Ադրբեջանի կողմից Արցախի պատերազմում սիրիացի վարձկանների ներգրավման և այլ հարցեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լարս Պատրիկ Բերգը Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում առկա իրավիճակի վերաբերյալ տեսակոնֆերանսով քննարկում է ունեցել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի հետ: 

 

ԵԽ պատգամավորը հայտնել է, որ խոսել են պատերազմին առնչվող մի շարք հարցերի մասին:

 «Դրանց ես կանդրադառնամ Եվրախորհրդարանում, հատկապես Ադրբեջանի կողմից պատերազմում սիրիացի վարձկանների ներգրավմանը: Մենք խոսել ենք միջազգայնորեն արգելված կասետային զինամթերքի օգտագործման մասին, որի համար բազում ապացույցներ կան, և միջազգային հանրության կողմից դրա հետաքննություն սկսելու անհրաժեշտության մասին: Մենք նաև պայմանավորվեցինք, որ բոլոր պատերազմական հանցագործությունները պետք է մանրակրկիտ հետաքննվեն, հատկապես հայ ռազմագերիների նկատմամբ վատ վերաբերմունքը»,-նշել է պատգամավորը:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ից սանձազերծած պատերազմի ընթացքում կասետային ռումբեր է կիրառել Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am