1000х90.jpg (78 KB)

Թուրքիայում անգամ դեռ չծնված երեխաներն են պարտքի տակ ընկնում․ Բաբաջան

Armenpress 19:32, 24 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Ժողովրդավարություն և առաջընթաց կուսակցության (DEVA) նախագահ Ալի Բաբաջանը Թեքիրդաղում անցկացրած նահանգային նիստի ժամանակ ունեցած ելույթի ընթացքում քննադատել է իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Gazete Duvar լրատվական կայքը, Բաբաջանը, իր խոսքը ուղղելով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, նրանից բացատրություններ է պահանջել ժողովրդին աղքատացնելու, գանձապետարանի պարտքը 1 տրիլիոն 935 միլիարդ լիրայի հասցնելու, առհասարակ բոլոր վնասների և դժգոհությունների մասին։

Ընդդիմադիր կուսակցության ղեկավարը, մասնավորապես, ասել է․ «Դուք երկիրը վերածել եք հսկայական լաբորատորիայի, իսկ երկրի քաղաքացիներին՝ փորձերի ենթակաների: Կներեք, Թուրքիան ձեր փորձերը կատարելու լաբորատորիան չէ, երկրի քաղաքացիներն էլ «ծովախոզ» չեն: Ձեր փորձերը աղքատացրել են մարդկանց: Դրանք այս երկրի երեխաների ապագայի հաշվին են արվում: Ձեր փորձերի պատճառով աճում է գործազրկությունը, դրանք ճգնաժամի պատճառ են դառնում ինչպես մեր տնտեսության, այնպես էլ մեր ժողովրդի համար: Նույնիսկ մեր չծնված երեխաներն են պարտքերի տակ ընկնում այդ փորձերի պատճառով»:

Եզրափակելով իր ելույթը՝ Բաբաջանը նշել է, որ իշխանությունների կապը խզվել է մարդկանց բողոքներից, տնտեսության իրական վիճակից, իսկ ժողովուրդը հիշում է, քանի որ իշխանությունների սխալների գինը վճարողը հենց ժողովուրդն է։

Էմմա Արդարյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am