Ամեն շաբաթ 40-50 նոր գործատու է միանում զինվորների հիմնադրամի «Դարձնենք մեկը երկու» նախաձեռնությանը

Armenpress 14:30, 24 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինվորների ապահովագրության հիմնադրամի «Դարձնենք մեկը երկու» նախաձեռնությունը դրական արձագանքների է արժանացել: Նախաձեռնությանը միանալու համար արդեն բազմաթիվ գործատուներից ստացվում են դիմումներ:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց «Զինվորների ապահովագրության հիմնադրամի» գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը:

«Նախաձեռնության շրջանակում գործատուն հնարավորություն է ունենում իր աշխատակիցների կողմից պարտադիր վճար հանդիսացող ամսական 1000 դրամները բազմապատկել: Գործատուներ կան, որոնք որոշել են այդ գումարը կրկնապատկել, ոմանք՝ քառապատկել: Գործատուներ կան, որոնք իրենց աշխատողներին են թողել ավելացված գումարի չափը ավելացնելու հարցը, այնուհետև գործատուները այն համաֆինանսավորում են»,- ասաց Վարուժան Ավետիքյանը: Այդ գործընթացը հեշտացված է, պարզեցված պայմանագիրը տեղադրված է հիմնադրամի կայքում, որից գործատուները կարող են օգտվել:

Վարուժան Ավետիքյանը տեղեկացրեց, որ յուրաքանչյուր շաբաթ 40-50 նոր գործատու է միանում «Դարձնենք մեկը երկու» նախաձեռնությանը: Հայաստանում կա շուրջ 55 հազար գործատու: Վարուժան Ավետիքյանը նկատեց, որ այդ տեսանկյունից խոշոր գործատուների մոտ շարժում է նկատվում, ինչը կարող է ոգևորել ավելի փոքր գործատուներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am