Ալի Բաբաջանը կրկին քննադատել է Թուրքիայի իշխանություններին

Armenpress 20:59, 21 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցության նախագահ Ալի Բաբաջանը քննադատել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ու նրա կուսակիցներին: Նա ուշադրություն է հրավիրել Չաքըջըի կողմից (թուրքական մաֆիայի և հանցավոր կազմակերպության առաջնորդ) Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քըլըչդարօղլուի հասցեին հնչեցրած սպառնալիքներին:

«Լսեցի՞ք նախագահի ձայնը, ով անմիջապես հայտարարություններ է անում տարբեր թեմաներից հետո: Ո՛չ, նա ոչինչ չասաց քաղաքական գործչի հասցեին հնչեցված սպառնալիքներից հետո: Շատ չէ, ընդամենը 7 տարի առաջ նախագահ Էրդողանը նշել էր, որ  «վերջացավ ավազակախմբերի, մաֆիայի դարաշրջանը», բայց այսօր անգամ մեկ բառ չի ասում ապօրինի կառույցների հանցավոր գործունեությանն ու սպառնալիքներին: Մտավախություն ունի, որ նրանց դաշինքը կխզվի, քանի որ անմիջական կապեր ունի նրանց հետ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է Ալի Բաբաջանը:

Նա քննադատել է կառավարության ընդունած հակահամաճարակային միջոցառումները` մասնավորապես նշելով, որ նպատակը պետք է լիներ ոչ թե ժողովրդին տուգանելով նրանց թալանելը, այլ առողջապահության ոլորտում համապատասխան քայլեր ձեռնարկելը:

«Այս իշխանությունը դատարկեց երկրի բյուջեն, կուտակեց արտաքին պարտք, այդքանից հետո նրանք չեն կարող շարունակել ղեկավարել երկիրը ու տնտեսական ոլորտում որևէ քայլ ձեռնարկել: Զարգացած պետությունների օրինակով ժողովրդին ասում են «պարզապես հոգ տարեք ձեր առողջության մասին, մնացածը կանի պետությունը», բայց դրամաշնորհ կամ պետական աջակցություն չեն տրամադրում»,-նշել է Բաբաջանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am