Ռոսպոտրեբնադզորի ղեկավարը ՀՀ-ում Covid-19-ի ցուցանիշների առումով դրական դինամիկա է նկատում

Armenpress 16:29, 21 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպառողների իրավունքների պաշտպանության  և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության  (Ռոսպոտրեբնադզոր) ղեկավար Աննա Պոպովան Հայաստանում կորոնավիրուսի արձանագրվող դեպքերի առումով տեսնում է և կայունացում, և նվազում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պոպովան նման տեսակետ հայտնեց Երևանում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում շարժական լաբորատորիայի բացման արարողությանը:

«Կցանկանայի նշել, որ այսօր անխոս Հայաստանում լավ հաջողություններ կան՝ մեծ աճից հետո: Մենք այսօր տեսնում ենք և կայունացում, և նվազում: Չնայած բոլոր դժվարություններին, որ կա Հայաստանում, դուք՝ սիրելի գործընկերներ, կարող եք հասնել լավ արդյունքների: Դրանք ձեզ մոտ ակնհայտ են այսօր»,-ասաց Պոպովան:

Նա շեշեց սպառնալիքի տակ աշխատող բժիշկների, գիտնականների բարձր պրոֆեսիոնալիզմի մասին, ընդգծեց, որ դա ոչ միայն իր գնահատականն է, այլ նաև այն բոլոր գործընկերների, որոնք հնարավորություն են ունեցել շփվել և աշխատել Հայաստանում բժիշկների հետ:

Ռոսպոտրեբնադզորի ղեկավարը տեղեկացրեց նաև, որ դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կորոնավիրուսի թեմայով նախատեսված է մեծ կոնֆերանս, հույս հայտնեց, որ կմասնակցեն նաև հայ գործընկերները:

Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայությունը (Ռոսպոտրեբնադզոր) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը նվիրաբերել է շարժական լաբորատորիա, որը նախատեսված է հատուկ վտանգավոր վարակների հարուցիչների հայտնաբերման նպատակով դասական կենսաբանական, ինչպես նաև ՊՇՌ մեթոդներով հետազոտություններ իրականացնելու համար: Լաբորատորիայի բացման արարողությունը կայացավ Երևանում նոյեմբերի 21-ին:

Աննա Գրիգորյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am