1000х90.jpg (78 KB)

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցել է Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ

Armenpress 11:27, 21 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը խորը ցավակցություններ է հայտնել ՀՀ երրորդ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է, որ խորը ցավով է ընդունել ՀՀ երրորդ նախագահի տիկին, Արցախի դուստր Ռիտա Ալեքսանդրի Սարգսյանի անժամանակ մահվան բոթը։

«Ռիտա Սարգսյանը մեծ սեր ու հարգանք էր վայելում հարազատ Արցախում։ Նրա հովանավորությամբ և գործուն աջակցությամբ կյանքի են կոչվել կարևոր ռազմավարական ծրագրեր մեր հանրապետության կենսագործունեության տարբեր ոլորտներում։ «Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամի ծրագրի շրջանակում լույս աշխարհ են եկել հարյուրավոր երեխաներ՝ սպասված լույս սփռելով իրենց ընտանիքներում։ Նա մեծ խանդավառությամբ էր իրականացնում մշակութային բազմաբնույթ ծրագրեր՝ իր անգնահատելի նպաստը բերելով Արցախում մշակույթի զարգացման գործին»,-գրել է Արցախի Հանրապետության նախագահը:

Նա ընդգծել է, որ Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իր անունից ցավակցություն ու զորակցություն է հայտնում Ռիտա Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու մտերիմներին։ «Նրա լուսավոր անունը կմնա մեր սրտերում»,-եզրափակել է Հարությունյանը:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկին Ռիտա Սարգսյանը կյանքից հեռացել է նոյեմբերի 20-ին: Նոյեմբերի 16-ին Ռիտա Սարգսյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, ապա արտերկիր՝ բուժում ստանալու: Ռիտա Սարգսյանի մոտ ախտորոշվել էր Covid-19:

Ռիտա Սարգսյանը ծնվել է 1962 թվականին Ստեփանակերտում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am