1000х90.jpg (78 KB)

ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարարի հետ

Armenpress 11:20, 21 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով ՌԴ պաշտպանության նախարարին` վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հարգելի Սերգեյ Կուժուգետովի, ողջունում եմ Ձեզ Հայաստանում: Սա շատ կարևոր այց է: Ցանկանում եմ նշել, որ պատերազմի ընթացքում մենք մշտապես զգացել ենք Ռուսաստանի Դաշնության, ՌԴ նախագահի, վարչապետի աջակցությունը, Ձեր անձնական աջակցությունը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ դրա համար:

Իհարկե, պատերազմից առաջ էլ դժվարին ժամանակաշրջան էր, բայց հիմա ավելի բարդ ժամանակներ են, և մենք հուսով ենք, որ այս ընթացքում կկարողանանք խորացնել մեր համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ, այդ թվում` անվտանգության ոլորտում, և ոչ միայն անվտանգության, այլև ռազմատեխնիկական համագործակցության:

Այժմ, իհարկե, մեր տարածաշրջանում այլ ռազմաքաղաքական իրավիճակ է: Այն փոխվել է, և դեռ պետք է ուսումնասիրել այդ իրավիճակի բոլոր պարամետրերը: Եվ, իհարկե, վստահ եմ, որ Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական համագործակցության և եղբայրական բարեկամության ոգով առաջիկայում և ռազմավարական ապագայում մեր կապերը կշարունակեն խորանալ, մեր փոխգործակցությունը կլինի ավելի սերտ և ավելի ռազմավարական: Շնորհակալ եմ»:

Իր խոսքում Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նշել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, շնորհակալ եմ ընդունելության և հանդիպման համար: Մենք եկել ենք լիովին կոնկրետ, որոշակի խնդիրներով: Գիտեք, որ ստորագրված հայտարարությունից հետո ամենաարագ կերպով հրավիրեցինք ողջ խաղաղապահ զորակազմը, որի տեղակայումն ավարտել ենք երեկ չէ առաջին օրը: Այս օրերի ընթացքում տեղակայվել ենք գործնականում Ղարաբաղի ամբողջ տարածքում` 23 դիտակետով, վերահսկում ենք Ստեփանակերտ տանող ճանապարհը, Լաչինի միջանցքը և ապահովում ենք տեղաշարժը, այնտեղից հեռացած փախստականների վերադարձը: 

Հետագայում սպասվում է մեծ աշխատանք` այս անգամ, հուսով եմ, Ղարաբաղում խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ: Մեր կողմից, իհարկե, գլխավոր խնդիրը արյունահեղություն թույլ չտալն է` խնդիր, որը մեր առջև դրել է մեր գերագույն հրամանատարը, և մենք, անկասկած, մտադիր ենք իրականացնել այն: Բացի այդ, մտադիր ենք քննարկել մեր խաղաղապահների հետագա կյանքին և աշխատանքին վերաբերող հարցեր, թե ինչ է անհրաժեշտ դրա համար: Եվ, բնականաբար, քննարկել բոլոր այն հարցերը, որոնք վերաբերում են մեր համագործակցությանը` և’ ռազմական, և’ ռազմատեխնիկական ուղղությամբ: Մենք եկել ենք մեծ ծրագրով և հույս ունենք իրագործել այն: Շնորհակալ եմ»:

Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակին, Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am