«Ազնավուրը Շառլի աչքերով». «Ոսկե ծիրանի» շրջանակում մեծն շանսոնյեի մասին ֆիլմ կցուցադրվի  

Armenpress 14:03, 20 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի «Աջակցություն կինոթատրոններին» ծրագրի շրջանակում նոյեմբերի 23-ին «Սինեմա սթար» կինոթատրոնում տեղի կունենա Մարկ դի Դոմենիկոյի «Ազնավուրը Շառլի աչքերով» ֆիլմի ցուցադրությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆրանսիական ֆիլմի տևողությունը 75 րոպե է, լեզուն՝ ֆրանսերեն: Կլինեն հայերեն, անգլերեն ենթագրեր:

1948 թվականին Էդիթ Պիաֆից իր առաջին տեսախցիկը ստանալուց հետո տեսագրությունը դարձել է Շառլ Ազնավուրի ամենօրյա կյանքի մասը: Երգիչը տեսաօրագիր է պահել, որտեղ նկարահանել է իր կյանքի կարևոր պահերը, ուղևորությունները, համերգները, սիրեցյալներին և ընկերներին:

Մահից առաջ նա ցանկություն է հայտնել այդ նյութերից ֆիլմ ստեղծել: Իրականացնելով Ազնավուրի ցանկությունը՝ Մարկ դի Դոմենիկոն մուտք է գործել Ազնավուրի անձնական պահոցները՝ ինքը ևս երեք տարի շարունակ նկարահանելով երգչին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am