ԼՂ-ի վերաբերյալ համատեղ հայտարարությանը դրական է վերաբերվում հարցվածների 43,8%-ը

Armenpress 14:33, 16 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությանը դրական է վերաբերվում Հայաստանում հարցվածների 43,8%-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

«Խնդրել ենք պատասխանել, թե ինչպես են քաղաքացիները վերաբերում այդ փաստաթղթին: Հարցվածների 23,5%-ը նշել է, որ լիովին դրական, 20,3%-ը` ավելի շուտ դրական, ավելի շուտ բացասական` 13,1%-ը, ընդհանրապես բացասական` 27,8%-ը, 15.3%-ը դժվարացել է պատասխանել»,- ասաց Նավասարդյանը:

Նա նշեց, որ հարցվածների 48,9%-ն ամբողջությամբ ծանոթ է փաստաթղթի բովանդակությանը, 37.2%-ը` մասամբ ծանոթ է, 13,1%-ը` ընդհանրապես ծանոթ չէ:

«Անդրադառնալով փաստաթղթի ստորագրման պատճառներին` 65.6%-ը նշել է, որ Արցախի բնակչության և զինծառայողների անվտանգության խնդրից ելնելով է դա արվել, 19,3%-ը նշել է, որ դա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պետական դավաճանություն է, 15.9%-ը նշել է, որ դա ՀՀ պարտությունն է դիվանագիտական գործընթացում, 10,9%-ը նշել է, որ դա Արցախի բանակի և ՀՀ ԶՈՒ-ի պարտությունն է պատերազմում, 2,4%-ը նշել է, որ պատճառը նախկին իշխանությունների թույլ տված սխալներն են»,- նշեց Արամ Նավասարդյանը:

Հետազոտությունն իրականացվել է նոյեմբերի 13-ին:

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված: Պատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:00-ից, ռուս խաղաղապահները մուտք են գործում Լեռնային Ղարաբաղ: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ներգրավել 1960 ռուս զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլ և հատուկ տեխնիկա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am