1000х90.jpg (78 KB)

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Արմեն Ջիգարխանյանի մահվան կապակցությամբ

Armenpress 15:26, 14 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել տաղանդավոր դերասան, ռեժիսոր, ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի մահվան կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Հայ ժողովուրդը կորցրեց մեր ժամանակների իր ամենամեծ զավակներից մեկին: Այլևս մեզ հետ չէ տաղանդավոր դերասան, ռեժիսոր, ժողովրդական արտիստ, Մոսկվայի դրամատիկական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Արմեն Ջիգարխանյանը։

Արմեն Ջիգարխանյանը մարդկային ու դերասանական յուրահատուկ տեսակ էր, ով ինքնատիպ միջավայր էր ստեղծում նաև իր շուրջը՝ կինոյում, թատրոնում և մարդկային հարաբերություններում։

Սերելով հայկական դերասանական դպրոցից և իր անմոռաց դերերով հարստացնելով հայ թատրոնն ու կինոն՝ հետագայում Ջիգարխանյանն իր դերասանական ինքնատիպ արվեստանոցը ձևավորեց ռուսական մշակույթի սահմաններում՝ դառնալով խորհրդային, այնուհետև ռուսական կինոյի հայտնի դեմքերից մեկը, միաժամանակ, հիմնադրելով ու մինչև կյանքի վերջ ղեկավարելով Մոսկվայի դրամատիկական թատրոնը։

Ջիգարխանյան դերասանի, ռեժիսորի, մշակութային գործչի ու մարդկային տեսակի մահը մեծ կորուստ է ինչպես հայ և ռուսական, այնպես էլ համաշխարհային կինոյի ու թատերական աշխարհի համար։ Խորապես սգում եմ մեր տաղանդավոր հայրենակցի մահը։

Վշտակցության ու մխիթարանքի խոսքերս եմ հղում նրա ընտանիքին և հարազատներին, գործընկերներին ու նրա արվեստի երկրպագուներին»,-ասված է ցավակցական ուղերձում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am