Հրապարակվել է Հայաստանի վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը

Armenpress 13:18, 10 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է.  

«Մենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն․Վ․Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ.Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ․Վ․Պուտինը, հայտարարեցինք հետևյալը.

2020 թվականի նոյեմբերի 10-ի մոսկովյան ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվում է ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին: Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը: Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ՝ 1960 զինծառայող կրակային զենքով, 90 զրահամեքենա, 380 միավոր մեքենա և հատուկ տեխնիկա: Հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորամիավորման մնալու տևողությունը 5 տարի է` հետագա 5-ական տարիներով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չի հայտարարում սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: Հակամարտության կողմերի կողմից համաձայնագրերի կատարման վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հրադադարի ռեժիմը վերահսկելու համար ստեղծվում է խաղաղապահ կենտրոն: Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձնում է Քելբաջարի շրջանը մինչև 2020 թ. նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչև 2020 թ. դեկտեմբերի 1-ը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը կապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միևնույն ժամանակ չի շոշափի Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո: Կողմերի համաձայնությամբ, առաջիկա երեք տարիների ընթացքում կորոշվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որը կապահովի կապը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև, հետագայում այդ երթուղին պաշտպանելու համար ռուսական խաղաղապահ զորախմբը կտեղափոխվի այնտեղ: Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկի անվտանգությունը երկու ուղղություններով: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ: Տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի նոր տրանսպորտային հաղորդակցություն, որը կկապի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արեւմտյան շրջանները:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am