1000х90.jpg (78 KB)

Իլհամ Ալիևը հուսահատ փորձ է անում ժխտել իրականությունը. ՀՀ ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունները

Armenpress 16:20, 9 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունները BBC գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը.

«Սույն հարցազրույցում Իլհամ Ալիևը հաստատում է, որ չունի որևէ արդարացում Ստեփանակերտի և Արցախի այլ խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման առնչությամբ, որն անհերքելի փաստերով արձանագրվել է բազմաթիվ հեղինակավոր միջազգային ԶԼՄ-ների և մարդու իրավունքների պաշտպանությամբ մասնագիտացված կազմակերպությունների կողմից։ 

Հասկանալով, որ վաղ թե ուշ կրելու է իր կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների պատասխանատվությունը, Իլհամ Ալիևը հուսահատ փորձ է անում ժխտել իրականությունը՝ այն անվանելով «կեղծ լուրեր»:

Իլհամ Ալիևի մարդատյաց այս հայտարարությունը, որն արվում է իր հրամանով գործող զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքների շարունակական թիրախավորման ֆոնին, ևս մեկ անգամ փաստում է, որ Արցախի ժողովուրդը որևէ հանգամանքում չի կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո»:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այլևս բաց չի թողնում որևէ հնարավորություն իրեն հեղինակազրկելու համար: Այս անգամ նա ծաղրի է ենթարկվել BBC-ի եթերում՝ չխորշելով կեղծիք տարածել միջազգային լրատվամիջոցների եթերում:

Նա սկսել է ապատեղեկատվություն որակել ոչ միայն հայկական կողմի փաստերը, այլև հեղինակավոր BBC-ի՝ Ստեփանակերտում աշխատող թղթակցի և Human Rights Watch կազմակերպության մանրամասն փաստագրված վկայություններն այն մասին, որ ադրբեջանական կողմը կասետային և այլ տեսակի զինատեսակներով թիրախավորում է Արցախի խաղաղ բնակչությանը: Լրագրողի այն դիտարկմանը, որ Ստեփանակերտում աշխատող BBC-ի թղթակիցն արձանագրել է, որ տեղի խաղաղ բնակչությունը թիրախավորվել է, թիրախավորվել են քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները, Ալիևը նշել է, որ կասկածում է այդ վկայությանը:

Հաջորդ դիտարկմանը, թե ադրբեջանական կողմը Արցախի բնակչության նկատմամբ կիրառել է կասետային զինատեսակներ, ինչի վերաբերյալ կան վկայություններ, լուսանկարներ, տեսանյութեր, ինչպես նաև այդ բոլորը մանրամասն փաստագրված է Human Rights Wathc-ի կողմից, Ադրբեջանի նախագահը դարձյալ նշել է, որ այդ բոլորը կեղծ է:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադառնալով Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորմանը, նշել է, որ դա կարող է լինել իրենց հրետանու սխալը, իսկ լրագրողի դիտարկմանը, թե արդյոք հնարավոր է սխալվել մեկ օրվա մեջ երկու անգամ, Ալիևը նշել է, որ այո:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am