Երևան համայնքին բյուջեից նախատեսվող նպատակային հատկացումները կավելանան 39 մլն դրամով

Armenpress 15:06, 6 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաջորդ տարվա համար պետբյուջեից Երևան համայնքին նախատեսվող նպատակային հատկացումներն ավելացել են՝ կազմելով 9 մլրդ դրամ, իսկ տրվող դոտացիան մնացել է նույնը՝ 13 մլրդ դրամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց Երևանի քաղաքապետի ֆինանսական գծով տեղակալ Սերգեյ Ներսեսյանը:

«Նախագծով Երևանին հատկացվող դրամաշնորհները, այդ թվում սուբվենցիոն նպատակային հատկացումներն ու ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիան նախատեսվել է 22 մլրդ 503 մլն 961 հազար դրամի չափով: Իսկ պետության կողմից Երևանի քաղաքապետարանին պատվիրակված լիազորությունների կատարման բյուջեն նախատեսվել է 36 մլրդ 15 մլն 459 դրամի կարգի»,- ասաց Ներսեսյանը:

 Պետության կողմից Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների բյուջեն կրճատվել է շուրջ 20 մլրդ 95 մլն դրամով, որի տեսակարար կշռում մեծ է վարկային և դրամաշնորհային ծրագրերի մասը: «Երևան համայնքին նախատեսվող նպատակային հատկացումներն ավելացել են ընդամենը 39 մլն դրամ՝ կազմելով 9 մլրդ դրամ: Իսկ ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիոն մնացել է նույնը՝ նախատեսվելով 13 մլրդ դրամի չափով»,- ասաց փոխքաղաքապետը:

Փողոցների նորոգման և ճաքալցման ծրագրով 2021-ի բյուջեով հատկացվել է 3 մլրդ դրամ՝ 2020-ին նախատեսվածի հաեմատ մնալով անփոփոխ: Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման ծրագրի համար 2021-ի նախագծով նախատեսվել է 833 մլն 462 հազար դրամ:

Աննա Գրիգորյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am