1000х90.jpg (78 KB)

Թուրք-քրդական հակամարտությունը բորբոքման նոր փուլ է մտնում

Armenpress 17:07, 3 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերջին մի քանի օրերին թուրքական մամուլում նկատելի է դառնում քրդական թեմատիկայի վերաբերյալ հրապարակումների ավելացումը։ Թուրք- քրդական հակամարտության ասպարեզները տեղափոխովում են ոչ միայն Իրաք ու Սիրիա, այլ նաև եվրոպական երկրների մայրաքաղաքներ։

Հատկանշական է, որ նոյեմբերի 1-ին Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում Քուրդիստանի ժողովրդական կուսակցության անդամների և թուրքերի միջև բախումներ են եղել։  «Քուրդիստանի ժողովրդական կուսակցության» անդամները Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի Կրոյցբերգ թաղամասում երթ են կազմակերպել։ Տեղի ընտրությունը պատահական չի եղել․ Բեռլինի մոտ 200 հազար թուրքերի մեծ մասն ապրում է Կրոյցբերգ թաղամասում, այն թուրքերի կողմից ընդունված է անվանել «փոքր Ստամբուլ»։ 

Ըստ «IHA» լրատվական գործակալության՝ թուրքական կողմը մեղադրել է «Քուրդիստանի ժողովրդական կուսակցության» անդամներին անկարգություններ հրահրելու մեջ, սակայն քրդական կողմն, իր հերթին, նշում է ցույցի խաղաղ բնույթն ու հայտարարում, որ տեղի թուրք խանութպաններ են կազմակերպել սադրանքները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բեռլինի ոստիկանությունը կարողացել է կանգնեցնել բախումները՝ խուսափելով ավելի մեծածավալ անկարգություններից և հնարավոր զոհերից։ «Քուրդիստանի ժողովրդական կուսակցության» անդամները երթի ժամանակ քայլել են իրենց դրոշներով, վանկարկել կուսակցության կարգախոսները։ Ըստ նույն կայքի տեղեկությունների՝ երթին է միացել նաև Ձախերի կուսակցության պատգամավոր Հաքան Թաշը։

Իրաքյան Քուրդիստանում Քրդական աշխատավորական կուսակցության զինյալ թևի անդամները հոկտեմբերի 28-ին պայթեցրել են Մարդին նահանգի Բագուքի տարածաշրջանով անցնող նավթամուղը, ինչի արդյունքում զոհվել է 3 և վիրավորվել 25 մարդ:

Տեղի ունեցածը լուրջ անհանգստության պատճառ էր դարձել Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության համար։ Վերլուծաբանները նշում են, որ Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանի նավթի համար միակ տարանցիկ ճանապարհը համարվում է Թուրքիան և արդյունքում Իրաքյան Քուրդիստանի կառավարությունը զրկվում է եկամտի հիմնական մասից։ Հատկանշական է, որ նավթամուղի վթարից ձևավորվող վնասն օրական կազմում է 10 միլիոն դոլար։ 

Թուրքիայից նկատելի կախվածությունը ստիպում է Իրաքի Քուրդիստանի կառավարությանը հանրային հայտարարությունների դաշտում որոշակի հեռավորություն պահել ազատագրական զինյալ պայքարում ներգրավված ուժերից։

Զուգահեռաբար՝ Թուրքիան ուժեղացնում է ճնշումը քրդական զինյալ խմբերի նկատմամբ Սիրիայում։ Ի մասնավորի՝  Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանատու, մայոր Փընար Քարան հայտարարել է, որ վերջին մեկ ամսում երկրի ներսում թուրքական ուժերի թիրախում են հայտնվել շուրջ 134 զինյալ՝ Թուրքիայում և դրա սահմաններից դուրս: «Ոչնչացվել են 197 միավոր զենք, հայտնաբերվել են  ապաստարաններ, պահեստներ, դիրքեր, ոչնչացվել է 117 միավոր ինքնաշեն պայթուցիկ»,- նշել է թուրք պաշտոնյան։

Դատելով թուրք պաշտոնյայի հայտարարություններից, թուրքական բանակը հակված է առաջիկայում ևս սաստկացնել ճնշումը քրդերի նկատմամբ, ինչը տարածաշրջանում կխորացնի առանց այն էլ պայթյունավտանգ մթնոլորտը։

Մերի Վարդումյան 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am