Եզդի կամավորներն առաջնագիծ մեկնելու համար հավաքագրում են երրորդ ջոկատը

Armenpress 13:53, 2 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմում, որպես կամավոր առաջնագիծ մեկնելու համար, Հայաստանում բնակվող եզդիական համայնքի ներկայացուցիչներն արդեն երրորդ ջոկատն են հավաքագրում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության՝ ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։

«Պատերազմի մեկնարկից եզդիական համայնքը պատրաստ էր իր մասնակցությունն ունենալ մարտերին, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, անկախ ազգությունից, պետք է պաշտպանեն իրենց հայրենիքի սահմանները: Սեպտեմբերի 27-ի երեկոյան եզդիական Ակնալճի սրբատեղիում ձևավորվեց առաջին ջոկատը։ Ջոկատին միանալ ցանկացողների թիվն այնքան շատ էր, որ ձևավորվեց նաև երկրորդը, որն այս պահին զինվորական պատրաստություն է անցնում։ Այս պահին հավաքագրվում է արդեն երրորդ ջոկատը»,- նշեց Բաքոյանը։

Ռուստամ Բաքոյանն ընդգծեց, որ, պատմությանը հետադարձ հայացք գցելու դեպքում կտեսնենք, որ թե՛ Սադարապատի, թե՛ 90-ականների Արցախյան պատերազմի, թե՛ Ապրիլյան պատերազմի ժամանակ և, թե՛ հիմա եզդիները հայերի հետ ներդաշնակ են և մեկ մարդու պես պատրաստ են կանգնել սահմանին։

Արցախ կատարած այցի ընթացքում պատգամավորը նաև հանդիպում է ունեցել առաջնագիծ մեկնած եզդի կամավորների հետ:

«Կռվողների տրամադրվածությունը մարտական է: Եզդիական ջոկատը շատ գրագետ է գործում՝ չլքելով իրեն վստահված դիրքերը։ Եզդի կռվողների մարտական ոգին բարձր է․տղերքը կանգնած են, նրանք կանգնելու են և հիմա էլ բավականին արդյունավետ կռվում են»,- ասաց Ռուստամ Բաքոյանը։

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

Նարե Թորանյան



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am