Ադրբեջանական հանցագործությունների հետևանքով Արցախում սպանվել է ընդհանուր 45 խաղաղ բնակիչ. ՄԻՊ

Armenpress 09:10, 1 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող փաստահավաք առաքելության արդյունքներով թարմացվել են սեպտեմբերի 27-ից Արցախի քաղաքացիական բնակչության դեմ ադրբեջանական հանցագործությունների հետևանքների վերաբերյալ տվյալները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արցախի մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչությանն ու օբյեկտներին հասցված վնասները հոկտեմբերի 31-ի դրությամբ:

Հոկտեմբերի 31-ի դրությամբ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 45 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 37 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել, ընդհանուր առմամբ, 141 մարդ, որից 120 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 101-ն արական, իսկ 19-ը` իգական սեռի քաղաքացիներ են:

Արցախի Հանրապետության 160 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 13 100 մասնավոր անշարժ գույք, 2000 մասնավոր շարժական գույք, 2 700 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am