Կանադայի ԱԳ նախարարը Մնացականյանի հետ զրույցում կարևորել է վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումը

Armenpress 19:28, 31 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում Շամպայնը գրել է, որ կարևորում է ԼՂ հակամարտությունում միջազգային վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումը:

«Ես խոսել եմ Զոհրաբ Մնացականյանի հետ: Մենք առաջնահերթ կարևորություն ենք տալիս Ղարաբաղում կրակի դադարեցմանը, որպեսզի վերջ դրվի մարդկային կորուստներն ու տառապանքներին: Կարևոր առաջնահերթություններից է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից վերիֆիկացիոն մեխանիզմների ստեղծումը: Արտաքին ուժերը պետք է մնան հակամարտությունից դուրս»,- գրել է Շամպայնը:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am