Թուրքիան ծայրահեղականության և ատելության քարոզիչների ապաստարան. Greek City Times-ի անդրադարձը

Armenpress 18:52, 31 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հարյուրավոր ծայրահեղականներ, փախչելով արաբական երկրներից, ապաստան են գտնում բռնապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մոտ՝ Թուրքիայում». այսպես է թուրքական իշխանությունների ներկա քաղաքականությունը բնութագրել Greek City Times-ը՝ վերնագրելով իր հոդվածը «Թուրքիան ծայրահեղականության և ատելության քարոզիչների ապաստարան»:

«Արմենպրես»-ի փոխանմամբ՝ լրատվամիջոցը նշում է, որ միայն Եգիպտոսից հարյուրավոր ծայրահեղականներ, որոնք հանդիսանում են «Մուսուլման եղբայրներ» ծայրահեղական խմբավորման անդամ, փախել են Թուրքիա։ Թուրքական իշխանությունները, առիթը օգտագործելով, պատսպարում են ծայրահեղականներին, հետագայում նրանց զինելու և իրենց շահերին համապատասխան, տարածաշրջանի երկրներն ապակայունացնելու նպատակով կիրառելու համար։ Նմանատիպ քաղաքականության վառ դրսևորումն է ծայրահեղական կրոնական գաղափարների քարոզիչ Հաքեմ Ալ-Մութաիրիին ապաստան տրամադրելը։ Հաքեմ Ալ-Մութաիրիի նկատմամբ հետախուզում են հայտարարել Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Բահրեյնը, սակայն այժմ նա Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ոչ միայն ազատ ապրում է, այլև իր սոցիալական էջերից ակտիվորեն ծայրահեղական քարոզչություն է իրականացնում, նախօրեին էլ իր հետևորդներին կոչ էր արել հարձակումներ սկսել Ֆրանսիայում։

Այսպիսով, աղբյուրը կարծիք է հայտնում, որ ահաբեկչական հարձակումները չեն դադարի այնքան ժամանակ, մինչև Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ ծայրահեղականներին պատսպարելու քաղաքականությունը չարժանանա համապատասխան արձագանքի։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am