1000х90.jpg (78 KB)

Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զինամթերք օգտագործելու փաստին

Armenpress 18:05, 31 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է Ադրբեջանի կյողմից Արցախում ֆոսֆորային զինամթերք օգտագործելուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մնացականյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարել է հետևյալ գրառումը.

«Այս անգամ Ադրբեջանը ֆոսֆորային զինամթերք է օգտագործել Արցախում՝ անտառների վրա, բնակավայրերի մոտակայքում, որտեղ բազմաթիվ խաղաղ բնակիչներ են ապրում:

Այն, ինչ անում է Ադրբեջանը, ստանձնած պարտավորությունների նկատմամբ լիակատար անհարգալից վերաբերմունք, շարունակվող ագրեսիա, խաղաղ բնակչության ոչնչացում և արգելված զենքի օգտագործում է»:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հոկտեմբերի 30-ին հայտնել էր, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հրատապ քննության արդյունքներով, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքներով հաստատվել է Ադրբեջանի կողմից ֆոսֆոր պարունակող զենքի օգտագործման փաստը: «Ադրբեջանն օգտագործում է, ըստ այս պահի տվյալների, ֆոսֆոր պարունակող զենք, որն ունի քիմիական զենքի տարրեր: Դա անում է քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ գտնվող անտառների նկատմամբ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հրատապ քննության արդյունքներով, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքներով հաստատվել է ոչ միայն այս փաստը, այլ նաև պարզվել է, որ անտառներում թե՛ ցերեկային, թե՛ գիշերային ժամերին զինված հարձակումներից պատսպարվում են նաև խաղաղ բնակիչներ: Այսինքն՝ զանգվածային ոչնչացման բնույթի այս զինատեսակը ներկայում ադրբեջանական զինված ուժերի կողմից օգտագործվում է շրջակա միջավայրի ու նաև քաղաքացիական բնակիչների դեմ: Դրա կիրառությունը նման պայմաններում միջազգային իրավունքի ակնհայտ արգելքների ներքո է»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր  Թաթոյանը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am