Ադրբեջանը հարվածել է Մարտունիին և Մարտակերտին, Շուշին կրկին հրթիռային կայանքների թիրախում է

Armenpress 14:53, 31 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանն օրվա ընթացքում շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Առավոտյան Ստեփանակերտը, կեսօրին Մարտունի և Մարտակերտ քաղաքները, իսկ այս պահին Շուշին է հայտնվել թշնամու արձակած տարբեր տեսակի հրթիռային կայանքների թիրախում։ Տուժածների և կրած վնասների մասին տվյալները ճշտվում են»,-նշված է հայտարարությունում:

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ հոկտեմբերի 30-ի հանդիպումից և քաղաքացիական ենթակառուցվածքները չթիրախավորելու շուրջ ձեռքբերված համաձայնությունների անվերապահ կատարման պայմանավորվածությունից հետո հոկտեմբերի 31-ի լուսաբացին Արցախի մայրաքաղաքը կրկին արթնացել է թշնամու արձակած հրթիռների ձայներից: Ժամը 7:08-ին քաղաքում լսվել են պայթյունի ձայներ: Նույն վայրկյանին միացել է օդային տագնապի ազդանշանը: Այս անգամ Ստեփանակերտի կենտրոնական շուկան է ադրբեջանական ուժերի թիրախում: Ավերվել է հանրային նշանակության ենթակառուցվածքի մի մասը, նյութական մեծ վնաս պատճառել խաղաղ բնակչությանը:  Հաջորդ պայթյունից ավերվել է բնակելի տուն՝ ամբողջ գույքով: Մասնակի վնասվել են նաև հարևանությամբ գտնվող բնակարանները:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am