Ներքին Գետաշենում ընթացքի մեջ են երեք սուբվենցիոն ծրագրեր  

Armenpress 13:35, 31 Հոկտեմբեր, 2020

ԳԱՎԱՌ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ ։ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այժմ ընթանում են  փողոցների ասֆալտապատման, ոռոգման համակարգի  եւ լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները:  

Ինչպես  «Արմենպրես»- ին   տեղեկացրին  Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, Ներքին Գետաշենի ներհամայնքային փողոցների ասֆալտապատման ծրագրի պայմանագրային  արժեքը կազմում է 247 միլիոն 781 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել  է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ներքին Գետաշենի համայնքապետարանը:

Ասֆալտապատվում են 12 փողոց՝ 4,5 կիլոմետր ընդհանուր երկարությամբ։ Հոկտեմբերի 31-ի դրությամբ մոտ 80 տոկոսով ավարտված են հողային հարթեցման եւ խճապատման աշխատանքները, ասֆալտապատումը կսկսվի առաջիկա օրերին։  Ներքին Գետաշենի ոռոգման ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 80 միլիոն 420 հազար դրամ, որի 70 տոկոսը  հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ներքին Գետաշենի համայնքապետարանը: Հոկտեմբերի 31-ի դրությամբ իրականացվել է շինարարական աշխատանքների մոտ 70 տոկոսը։ Ոռոգման ներքին ցանցը կառուցվում է 4,5 կիլոմետր երկարությամբ, երկաթյա կիսախողովակներով, անցումներում՝ երկաթյա խողովակներով։

Ծրագրի իրականացման արդյունքում 12 թաղամասերում կբարելավվի ոռոգման ջրի մատակարարումը։ Ներքին Գետաշենի լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային  արժեքը կազմում է 37 միլիոն 860 հազար դրամ, որի 65 հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Ներքին Գետաշենի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները կատարված են շուրջ 95 տոկոսով։  Կառուցվել է շուրջ 7 կիլոմետր երկարությամբ լուսավորության ցանց: Տեղադրվել է 250 լուսատու։

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am