Վարդենիս համայնքի Այրք գյուղում ավարտին է մոտենում խմելու ջրի ջրատարի արտաքին ցանցի կառուցումը

Armenpress 13:27, 31 Հոկտեմբեր, 2020

ԳԱՎԱՌ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Այրք բնակավայրում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավարտին է մոտենում  8 կիլոմետր երկարությամբ խմելու ջրի ջրատարի արտաքին ցանցի կառուցումը:

Ինչպես  «Արմենպրես»- ին   տեղեկացրին  Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից,  Այրք գյուղի խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 45 միլիոն 849 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 32 միլիոն 94 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 13 միլիոն 754 հազար դրամը՝ Վարդենիսի համայնքապետարանը:

Հոկտեմբերի 31-ի դրությամբ Այրքի խմելու ջրի ջրատարի արտաքին ցանցը, շուրջ 8 կիլոմետր երկարությամբ, կառուցվել է ավելի քան 85 տոկոսով։

Այս ծրագրի իրականացմամբ Այրքում հիմնովին լուծվում է խմելու ջրի շուրջօրյա մատակարարման խնդիրը։ Ծրագիրը կավարտվի նոյեմբերի ընթացքում։

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am