Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ֆոսֆորային զինատեսակի կիրառումը ստեղծում է բնապահպանական աղետի վտանգ

Armenpress 13:07, 31 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից Արցախի դեմ քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակի կիրառումը միջազգային մարդասիրական իրավունքի, Ժնևյան կոնվենցիաների կոպիտ խախտում է և ստեղծում է բնապահպանական աղետի իրական վտանգներ:

Այս մասին հայտարարում է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ հրապարակելով անտառային տարածքներում ֆոսֆորային զինատեսակի կիրառման մասին վկայող տեսանյութ:

«Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում թշնամական ուժերը կիրառել են քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակ, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի, սովորութային իրավունքի նորմերի ու սկզբունքների, Ժնևյան կոնվենցիաների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով ու փաստաթղթերով նախատեսված դրույթների կոպտագույն խախտում է: Բացի հայկական ուժերին վնասներ պատճառելու նպատակ հետապնդելուց, նաև խնդիր ունի առաջացնել մասսայական անտառային հրդեհներ ու տվյալ տարածքում ստեղծել բնապահպանական աղետի իրական վտանգներ:

Վերոնշյալ գործողությունների արգելքը և արդյունքում պաշտպանվող իրավունքներն ու արժեքները նախևառաջ սովորութային իրավունքի տիրույթում են, իսկ նման զենքերի օգտագործումը, որոնք հնարավորություն չեն տալիս հստակ տարբերակելու ռազմական և քաղաքացիական նշանակության օբյեկտները, միաժամանակ պատճառ են բնապահպանական աղետի ու հնարավոր մարդկային կորուստների, պատերազմական հանցագործություններ են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am