Արցախի պատերազմի սկսման պահից ՀՀ ազգային ժողովում պարգևատրումներ չեն տրվել. Տիգրան Գալստյան

Armenpress 11:27, 31 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը տեղեկացրել է, որ Արցախի պատերազմի սկսման պահից ՀՀ ազգային ժողովում պարգևատրումներ չեն տրվել:

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ Արցախի պատերազմի սկսման պահից ՀՀ ազգային ժողովի ո՛չ պատգամավորները, ո՛չ աշխատակազմը որևէ պարգևատրում չեն ստացել։ Կոչ եմ անում ակնհայտ կեղծիք տարածողներին մեկ անգամ ևս փնտրել բարոյականության նշույլներ իրենց ներսում»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Տիգրան Գալստյանը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացրել էր, որ պետական կառավարման համակարգի մարմիններում, մարզպետարաններում սեպտեմբեր ամսվա պարգևատրումը աշխատողներին տրվել է մինչև ռազմական դրության հայտարարման սկիզբը: «Ինչ վերաբերում է հոկտեմբեր ամսվա պարգևատրումներին, ապա հայտնում ենք, որ պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին, մարզպետներին տրվել է համապատասխան հանձնարարական՝ չնախատեսել պարգևատրումներ ինչպես ղեկավար կազմի, այնպես էլ աշխատողների մասով: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2020 թվականի պետական բյուջեով վարչապետի աշխատակազմին հատկացված միջոցներից ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ 1 միլիարդ 24.8 միլիոն ՀՀ դրամ ուղղվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ»,-նշվել էր պարզաբանման մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am