Ամերիկաբնակ հայ նկարիչը «Հայաստան» հիմնադրամին է փոխանցել 12 կտավի վաճառքից ստացված 33 հազ. դոլարը

Armenpress 22:49, 30 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գլենդել քաղաքում բնակվող հայ գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը որոշել է հայրենիքին օգնել նկարելով։ Նա 12 կտավ է վաճառել և հասույթը՝ 33 հազար դոլարը, փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

«Բոլոր նկարներս պատրաստ եմ տալ, միայն թե մի բանով կարողանամ օգտակար լինել իմ երկրին։ Ցուցահանդեսը կազմակերպել ենք 4 օրում, հրավիրել էինք համահայկական հիմնադրամի ներկայացուցիչներին», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայերն այսօրի»-ին պատմել է նկարիչը։

Նիկոլ Աղաբաբյանը կարծում է, որ ակցիան ազդակ կարող է լինել մյուս նկարիչների, արվեստագետների համար, որպեսզի հնարավորինս կարողանան աջակցել Հայաստանին և Արցախին։

 «Պիտի գնանք սահման՝ մտքով, փողով, ֆիզիկապես։ Եթե հիմա հաղթանակած դուրս եկանք, հաղթանակած կլինենք ամբողջ տարածաշրջանում, և մեզ հետ ուժի դիրքերից այլևս ոչ ոք չի համարձակվի խոսել», - ասել է Աղաբաբյանը։

Գեղանկարիչը համոզված է՝ նախաձեռնությունը շարունակվելու է։ Որոշել են հետագայում կրկին ցուցահանդեսներ կազմակերպել և հասույթը փոխանցել հիմնադրամին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am