1000х90.jpg (78 KB)

Այն, ինչ որոշակի զիջման արդյունքում ընդունելի է դառնում ՀՀ համար, հենց այդ պահից անընդունելի է դառնում Ադրբեջանի համար. վարչապետ

Armenpress 21:19, 30 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցին, ըստ որի՝ այս պատերազմն ագրեսիայի նոր մակարդակի բարձրացավ իր իշխանության գալուց հետո և կա՞ արդյոք մի բան, որը նա կարող էր անել՝ դա կանխելու համար:

«Իրավիճակն իրականում չի փոխվել սկսած 2011 թվականից: Խնդիրն այն է, որ հարցը հնարավոր է լուծել փոխզիջումով, և 2011 թվականից մենք ի՞նչ իրավիճակ ունենք: Բնականաբար, փոխզիջում նշանակում է համաձայնվել մի բանի, որն ի սկզբանե այդքան էլ ընդունելի չէ քեզ համար: Եվ 2011 թվականից մենք ունենք այսպիսի դինամիկա: Այն, ինչ որոշակի զիջման արդյունքում ընդունելի է դառնում Հայաստանի համար, հենց այդ պահից անընդունելի է դառնում Ադրբեջանի համար, և Ադրբեջանն ակնկալում է, որ հայկական կողմը, Ղարաբաղը ավելի շատ զիջի: Սա է Ձեր ասած ագրեսիվության բռնկման պատճառը: Որովհետև, իհարկե, փոխզիջում, բայց չեն կարող, մի կողմից (Հայաստան- հեղինակի կողմից), այդ զիջումները լինել անվերջ, իսկ, մյուս կողմից (Ադրբեջան- հեղինակի կողմից), չշարժվեն ընդհանրապես միայն այն պատճառով, որ մի կողմն ավելի շատ փող ունի՝ ավելի շատ զենք գնելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է վարչապետը՝ եվրոպական մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների տված հարցազրույցում:

Նիկոլ Փաշինյանի հարցին պատասխանել է նաև հետևյալ կերպ: «Ի՞նչը կարող էի այլ կերպ անել, որպեսզի այս պատերազմը տեղի չունենար: Ես կարող էի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի շահն ընդհանրապես չպաշտպանել, զիջել: Բայց արդյոք դա կկանխե՞ր պատերազմը: Այս տրամաբանությամբ՝ ոչ: Որովհետև այդ զիջման նվազագույն կետում Ադրբեջանը պետք է պահանջեր ավելին: Ես վերջերս զուգահեռ բերեցի Մյունխենի համաձայնագրի և մեր իրավիճակի միջև՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկից առաջ: Եվրոպայի տերությունները մտածում էին, որ երբ Չեխոսլովակիան զիջեն Հիտլերին, կհագեցնեն նրա ախորժակը, և պատերազմը տեղի չի ունենա: Եվ ի՞նչ տեղի ունեցավ դրա արդյունքում՝ Հիտլերը կուլ տվեց Չեխոսլովակիան: Եվ գործեց մյուս ասացվածքը՝ երբ ասվում է, որ «ախորժակն ուտելիս է բացվում»: Այո, եթե Չեխիան չզիջեին եվրոպական լիդերները, և պատերազմ սկսեր, Ձեզ նման լրագրողներ կհավաքվեին ու կասեին՝ դուք ի՞նչ չարեցիք, Չեխիան չզիջեցիք, մի Չեխիայի պատճառով ամբողջ Եվրոպան, աշխարհը մտցրեցիք պատերազմի մեջ: Եվ նրանք էլ գլուխները կախ կասեին՝ հա երևի պետք էր Չեխիայի հարցում մի քիչ ավելի ճկուն լինել: Եղան ճկուն, դա ի՞նչ բերեց: Մենք «Չեխոսլովակիան» չենք պատրաստվում զիջել ոչ մեկին»,- ընդգծել է վարչապետը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am