Արման Թաթոյանը ՀՀ-ում ԵՄ դեսպանին Ադրբեջանի զինված ուժերի վայրագությունների փաստեր է ներկայացրել

Armenpress 16:24, 30 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը ներկայացրել է փաստեր խաղաղ բնակիչների նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի վայրագությունների ու հանցագործությունների, այդ թվում՝ արգելված զինատեսակների կիրառության, քաղաքացիական ենթակառուցվածքների ավերածությունների վերաբերյալ։

Պաշտպանը դեսպանին տեղեկացրել է, որ Հայաստանի բնակչության շրջանում կա 2 սպանված և 2 վիրավոր, ինչպես նաև առկա են վնասված տներ։ Ըստ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի տվյալների՝ Արցախում կա առնվազն 40 սպանված և ավելի քան 120 վիրավոր:

Կողմերն ընդգծել են երկու կառույցների համագործակցության կարևորությունը և պայմանավորվել են խորացնել համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության հարցերում։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am