Արցախի փրկարարներն այս դժվար օրերին հերոսական աշխատանք են կատարում. ԱՀ ԱԻՊԾ տնօրենի ուղերձը

Armenpress 11:38, 30 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՀ ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Կարեն Սարգսյանը ուղերձ է հղել փրկարար ծառայողի մասնագիտական տոնի առթիվ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Կարեն Սարգսյանն ընդգծել է, որ Արցախի փրկարարներն այս դժվար օրերին, ավելի քան երբևէ՝ հերոսական աշխատանք են կատարում:

«Ավանդաբար հոկտեմբերի 30-ին մենք նշում ենք Արցախի փրկարար ծառայողի մասնագիտական տոնը: Տրամադրությունը տոնական չէ, քանի որ մեր երկրին պատուհասած պատերազմական աղետը փոխեց մեր կյանքի ընթացքը, բայց ոչ փրկարարի գործառույթը: Արցախի փրկարարներն այս դժվար օրերին, ավելի քան երբևէ՝ հերոսական աշխատանք են կատարում: Թշնամու արձակած հրթիռների ու կրակահերթի տակ յուրաքանչյուր ծառայող գերակատարում է իր առջև դրված խնդիրը և պատվով ու պատասխանատվությամբ ծառայում հայրենիքին ու ժողովրդին: Սակայն, գերլարված ու ծանրաբեռնված առօրյան առ ոչինչ է այն շնորհակալական ու օրհնության խոսքերի դիմաց, որ լսում ենք ամեն օր: Ուստի, հոգով փրկարար լինելն ապրելակերպ է, որն իր մեջ ամփոփում է մարդասիրություն ու բարություն:

Երախտագիտություն եմ հայտնում համակարգի ողջ անձնակազմին, մեր հայրենիքին ու ժողովրդին անմնացորդ ծառայելու և այս դժվար ժամանակահատվածում՝ բացառիկ նվիրվածության համար: Հպարտ եմ, որ ունեմ Ձեզ նման համածառայակիցներ:

Շնորհավորում եմ բոլորիս մասնագիտական տոնի կապակցությամբ: Նույնն է բոլորիս ցանկությունը. Մաղթում եմ մեր երկրին խաղաղություն և ամենայն բարիք բոլորիս օջախներին»,-ասված է ուղերձում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am